Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Իհարկե, տարվա բոլոր օրերին էլ պետք է երեխաների իրավունքները պաշտպանել, սակայն այսօր առավել եւս: Օրվան ընդառաջ Irakan.info-ն հարցում անցկացրեց, թե ինչպես են այսօր երեխաների հետ իրենց օրն անցկացնելու մեր համաքաղաքացիները:
«Տանելու եմ Օպերա, մանկական սրճարան, ատրակցիոն, կգնանք մանկական ցուցահանդես»,-ասում է Նոննան' 4-ամյա Հայկի մայրը: Նա այսօր պատրաստվում է ծախսել մոտավորապես 5.000 դրամ:
Անին էլ իր որդուն պատրաստվում է տանել մանկական սրճարան, հետո մանկական ներկայացման: Նա սրտնեղում է, քանի որ չի կարողանում ամեն օր իր երեխայի համար տոն դրաձնել. «Դե, վերաբերմունքն ամեն օր էլ կա, բայց դե, թեկուզ ամիսը մեկ էլ չեմ կարողանում երեխայիս տանել տարբեր տեղեր, այնպես անել, որ լավ ուրախանա: Չգիտեմ, թանկ է»,-նշում է նա: Անին այսօր պետք է փորձի ամենաշատը 3.000 դրամ ծախսել:
Ալլան ու իր ամուսինն իրենց 2 որդիներին տանելու են Մանկական երկաթուղի: Այսօր կծախսեն մոտ 10.000 դրամ: Irakan.info-ն զրուցեց նաև մի քանի պատգամավորների հետ' պարզելու, թե ինչպես են իրենց փոքրիկների հետ օրն անցկացնելու եւ մոտավորապես որքան գումար են մտադիր ծախսել:
«Աշխատանքից հետո ես իմ երեխաների հետ փորձելու ենք այսօրը գեղեցիկ տոնի վերածել. զբոսնելու ենք այգիներում' երեխաներիս և թոռնիկներիս հետ: Չեմ կարծում երեխաների հետ այգիներում զբոսնելը, սրճարան գնալը մեծ գումարների հետ է կապված: Եվ ի վերջո' այստեղ գումարը չէ, որ կարևոր է. կարևորը երեխաների սրտով իրենց տոնն անցկացնելն է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Մուրադյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն հասցրել է օրն անցկացնել իր թոռնիկի հետ: Նրանք գնացել են Մանկական երկաթուղի. «Թոռնիկիս հետ արդեն հասցրել ենք զբոսնել: Մոտավորապես 7 հազար դրամ ծախսել ենք, չնայած որ երեկ Բրյուսելից նվերներ եմ բերել թոռնիկիս»,- ասաց Նաիրա Զորհաբյանը' հավելելով նաև, որ հիմա պատրաստվում է մասնակցելու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկայնի ընտանիքի՝ այսօր տեղի ունենալիք մկրտությանը, որը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ նորաբաց եկեղեցում:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Կարինե Պողոսյանն աշխատանքային ժամին Արարատի մարզում է. «Ես այս պահին Արարատի մարզի համայնքներում մասնակցում եմ երեխաների օրվան նվիրված միջոցառումներին: Օրվա երկրորդ կեսին օրս կանցկացնեմ իր երեխաների հետ: Կծախսեմ մոտավորապես 10.000-15.000 դրամ, քանի որ իմ երեխաները մեծ են արդեն»,- Irakan.info-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ այսօր ժամը 10-ից-13:00-ն մինչեւ 15 տարեկան երեխաների համար ատրակցիոները ժամը անվճար են լինելու: Մեզ հետ զրուցած ծնողները, սակայն, դժգոհում էին, որ այսօր աշխատանքային օր է, և երեխաները չեն կարողանա օգտվել անվճար տարբերակներից, քանի որ աշխատում եմ մինչեւ ժամը 15.00-ն, մանկապարտեզներն էլ աշխատում են մինչև 13:00-ն: Այնպես որ, ով մինչև 13.00-ն կարողացել է անվճար որոշ ծառայություններից օգտվել է, իսկ ով չի հասցրել ստիպված պետք է վճարի ատրակցիոններից օգտվելու համար: