Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Գորիսում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ: Կեսգիշերն անց սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը: Նա Գորիսի զորմասի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի եղբայրն է և 2009թ-ին եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու:
168.am-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է Գորիսի «Սըդըղի գյոլ» կոչվող տարածքում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավաքվել են ամռան գալուստը նշելու նպատակով:
Ականատեսներից մեկի պատմելով՝ քեֆի սեղանի շուրջ վեճ է ծագել Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյանների միջև, սակայն այն շուտով հարթվել է: Բակո Սահակյանին ճանապարհելուց հետո նրանք որոշել են քեֆը տեղափոխել Սյունիքի մարզպետի առանձնատուն, որտեղ սեղանի շուրջ կրկին հիշել են իրենց վեճը, կրքերն էլ ավելի են բորբոքվել և գործը հասել է կրակոցների:
Արդյունքում, Ավետիք Բուդաղյանը սպանվել է, Խաչատրյանի թիկնապահն ու Արտակ Բուդաղյանը տեղափոխվել են հիվանդանոց: Գորիսիցների պատմելով՝ Բուդաղյանների և Սուրիկ Խաչատրյանի միջև միշտ հակասություն եղել է: