«ՀՀԿ-ն դատապարտում է ցանկացած մարդասպանություն, արյունով և զենքով հարց լուծելու ցանկացած փորձ, որն անընդունելի և հակաօրինական երևույթ է:
Ես առաջին իսկ օրը հանդես եմ եկել մեկնաբանությամբ' դատապարտելով այդ արարքը, ցավակցել եմ Բուդաղյանների ընտանիքին»։

Այս մասին HayNews.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն' անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե ՀՀԿ-ն համառորեն լռություն է պահպանում Գորիսի հայտնի միջադեպի կապակցությամբ' հասարակության համընդհանուր վրդովմունքի ֆոնին. «Անկախ կուսակցական պատկանելիությունից, զբաղեցրած պաշտոնից ու բարեկամական կապերից՝ բոլոր մեղավորները կպատժվեն»:

Շարմազանովը խորհուրդ տվեց վաղօրոք դատավորի դեր չստանձնել գնահատականներ հնչեցնելիս. «Ի գիտություն որոշ մարդկանց' Հանրապետական կուսակցությունն իր վրա իրավապահ մարմինների կամ դատավորի գործառույթ չի վերցրել: Գործը գտնվում է նախաքննության փուլում»:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Գորիս քաղաքում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչած կրակոցներից 1 մարդ մահացել է, ևս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին' 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

HayNews.am