Irakan.info. Վարչապետ Տիգրան Սարգսյանի բախտը բերեց. մարդկանց ուշադրությունն այս պահին կենտրոնացել է Սյունիքի մարզպետի հետ կապված իրադարձությունների վրա, եւ ինչ-որ իմաստով այս միջադեպը նույնիսկ ստվերեց Տիգրան Սարգսյանի' օֆշորային գործունեություն իրականացնելու հետ կապված սկանդալը: Այդուհանդերձ, այս նորությունն այնքան մեծ ալիք ունի, որ մինչեւ հիմա խոսվում է այդ մասին:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն' պարզելու' ով է իր անունը գրանցել օֆշորային ընկերության բաժնետերերի ցուցակում, այն բանից հետո, երբ hetq.am-ը հրապարակեց հոդված, որտեղ ասվում էր, թե գործարար Փայլակ Հայրապետյանին կանխամտածված կերպով սնանկացրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն ու ադամանդի բիզնեսով զբաղվող գործարար Աշոտ Սուքիասյանը Կիպրոսում գրանցված օֆշորային «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության միջոցով:

Ընդունեք, որ յուրաքանչյուր ոք, ով բացարձակապես անմեղ է, իսկապես դատախազություն կդիմեր' մեղադրելով հենց լրատվամիջոցին իր անունը վարկաբեկելու, զրպարտության մեջ: Այնինչ այս երեք անձանցից եւ ոչ ոք չի դիմել դատախազություն' մեղադրելով լրատվամիջոցին բարի անունն ու համբավն արատավորելու մեջ, զրպարտելու մեջ, ավելին, Նավասարդ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը չեն դիմել դատախազություն ոչ մի հարցով:

Կճոյանին դեռ հասկանում ենք, թերեւս կարծում է, որ ինքն այնքան ասոցատիվ է Տ. Սարգսյանի հետ, որ եթե դատախազությունը մաքրի Տ. Սարգսյանի անունը, ձեռքի հետ իրենն էլ կմաքրի, բայց ինչո՞ւ Ա. Սուքիասյանը ոչինչ չի անում, չլինի՞ ինքն էլ է իրեն Տ. Սարգսյանի հետ ասոցացնում,,, Դժվար է ասել:

Գալով արդեն Տ. Սարգսյանին' նշենք, որ վերջինս ցանկանում է տեղի ունեցածը տեղափոխել այլ հարթություն. նա չի ցանկանում կոնֆլիկտը պահել հանրության ուշադրություն կենտրոնում, իսկ hetq-ին զրպարտության մեջ մեղադրելով' կհայտնվեր ուշադրության կենտրոնում, ջրի երես կհանեին շատ ավելի լուրջ փաստեր, այդ պատճառով էլ գործը տեղափոխում են հենց Կիպորսի հետ առճակատման դաշտ' փորձելով կիպրական կողմի վրա բարդել իրողությունը, եւ այս դեպքում հնչեղությունն այնքան էլ շատ չի լինի:

Պատկերացնում եք' ինչ է թե ջրից չոր դուրս գա, Տ. Սարգսյանը պետական գործիքներ է կիրառում, ու նրա քաղաքական պատասխանատուներն այս հարցում աջակցում են նրան: Հետաքրքիր է չէ՞, իշխող կուսակցության վերնախավում գտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր ամենաքիչը պետք է իրենց արարքների համար հիմա պատասխանատվություն կրեին համապատասխան վայրերում, այնինչ եկել, դեռ մի բան էլ արդարություն են խաղում:

Գիտեք, դեռ հասկանալի է, որ վարչապետը կարող էր որպես աշխարհիկ կյանքի աշխարհիկ արժեքների մոլի սիրահար օֆշորային աֆյորայի մեջ ներքաշվեր, բայց ինչու գոնե աղտոտվելուց զերծ չպահեցին թեկուզ նույն եկեղեցին: Մեկը պետք է հուշեր վարչապետին, որ մեռելոցասեր լինելը դեռ շատ քիչ է իսկապես հավատացյալ լինելու համար…

Այս կուսակցությունն իսկապես ոչ մի սրբություն չունի, ով ինչ ուզում է, ասի, ՀՀԿ-ում իրոք ոչ մի սրբություն չկա, ու հարցն այստեղ այն չէ, որ մեր ոտքերն ամպոտ են, չգիտենք, որ եկեղեցու հայրերի մեջ պատահում են նաեւ Նավասարադներ, ում բարգավաճմանն, ի դեպ, մեծագույնս նպաստել է նույն վարչապետը: Հարցն այն է, որ դրանով նրանք բարոյալքում են, հիասթափություն ու հուսահատություն առաջացնում մարդկանց շրջանում…

Մի խոսքով, չէինք ուզում ասել, բայց, այո, մի տեսակ գաղջ մթնոլորտ են ստեղծում: Հասկանում ենք, որ Տիգրան Սարգսյանին պահում են քաղաքական դիմագիծ չունենալու պատճառով, բայց այս մարդու ներկայությունը կառավարությունում արդեն առնվազն վիրավորանք է բոլորիս հանդեպ, սա ակնհայտ ծաղր է արդեն: Իշխող կուսակցությունը միայն Տիգրան Սարգսյանի միջոցով այնքան է հեղինակազրկվել, որ սոցիալական բունտին մի մազ է մնացել, այդ մազի կեսն էլ ահա այս օֆշորային պատմությունը լրացրեց, մյուս կեսն էլ դեռ առջեւում է, ու Տիգրան Սարգսյանը դեռ մնում է վարչապե՞տ:

Լոգիկան ո՞րն է: Թե՞ այնպես եք անում, որ Հայաստանում մեկ հայ մնա, այն էլ թանգարանային նմուշի համար…

Արտակ Քաջար