Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում' կառավարությունը պարզեցրել ու հստակեցրել է վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման գործընթացը, ինչը կհանգեցնի տնտեսվարողի կողմից ծախսվող լրացուցիչ ժամանակի և ֆինանսական միջոցների կրճատմանը, ինչպես նաև լրացուցիչ վարչարարության բացառմանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին թույլատրել է պետական պահուստից ապաամրագրել և մրցութային կարգով իրացնել «Պահուստ» ՊՈԱԿ-ում պահվող տուրբինային և տրանսֆորմատորային յուղը' առաջացած միջոցներն օգտագործելով պետպահուստի նյութական արժեքների կուտակման համար։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության' ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը։
Արագածոտնի մարզի Վարդենիսի համայնքի 120 աշակերտական տեղով դպրոցի կառուցման աշխատանքի գնման համար ՀՀ 2013թ. պետբյուջեով նախատեսված է 155 մլն դրամ։ Շինարարությունը եղանակային նպաստավոր պայմաններում ավարտին հասցնելու նպատակով գործադիրը որոշել է գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։