ԳԱԼԱ. «Այդ օրը Արայիկը կյանքում առաջին անգամ տանը չէր գիշերել: Մինչև 12-ը սպասեցինք, հետո ես դիմում գրեցի Ոստիկանությունում, որ նա չկա: Կինս անընդհատ ասում էր, որ գնամ Սերգոյի բնակարան, որ նա է կերել տղայիս գլուխը: Ես գնացի. դուռը փակ էր, իսկ բակում երկու շուն կար բաց թողնված: Չկարողացա ներս մտնել այդ պայմաններում: Դա հունվարի 4-ն էր: Հետո էլի գնացի, դարձյալ նույն պատկերն էր: Որոշեցի այդ մասին հայտնել ոստիկաններին, և երբ մենք վերջիններիս ուղեկցությամբ ներս մտանք բակ, տեսանք, որ շներն անընդհատ դեպի բակի մի հատվածն են գնում: Այդտեղ խոտ կար, խոտի վրա՝ սայլակ, ցանկապատ: Քաշեցի մի կողմ, մի կտոր էր գցած, բարձրացրեցի, տեսա՝ վրան արյուն կա: Հետո մի ծածկոց տեսա, բարձրացրեցի ու մեծ քանակությամբ արյուն տեսա: Հետո տեսա որդուս՝ մարմինը որովայնի հատվածից երկու մասի բաժանված: Իբր ինքը քիչ էր կերել տղայիս, հիմա էլ շներին էր բաց թողել, որ ուտեին: Ափսոս, որ գնդակահարությունը թույլատրելի չէ. եթե նախորդ անգամ սպանություն կատարելու համար նրան գնդակահարած լինեին, հիմա որդիս ողջ կլիներ»,- Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Սերգո Երեմյանի դեմ այսօր վկայություն տվեց սպանվածի հայրը՝ Հայկ Հունանյանը:
Երեմյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա նախկինում սպանության համար դատապարտված լինելով՝ 2013 թվականի հունվարի 3-ին ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում փաստացի իրեն պատկանող տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում տարբեր առարկաներով հարվածել և բազմաթիվ մարմնական վնասվածքներ է հասցրել Արայիկ Հայկի Հունանյանին, որոնք, ըստ առաջադրված մեղադրանքի, իրենց համակցությամբ կենդանի անձանց մոտ համարվում են առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող և տվյալ դեպքում գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ, և խուլիգանական դրդապատճառներով, այն է՝ օգտագործելով իրեն դիտողություն անելու չնչին առիթը, դիտավորությամբ զրկել է վերջինիս կյանքից: Դրանից երկու ժամ անց հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, գիտակցելով իր գործողությունների առանձին դաժան բնույթը, դանակով և կացինով որովայնի մասից երկու մասի է բաժանել Հունանյանի դին և դուրս բերելով տանից՝ թաքցրել այն իր տան ետնամասում գտնվող փոսի մեջ, ծածկել այն խոտերով, մետաղյա ցանկապատով ու այլ առարկաներով և փակելով տան դուռը՝ հեռացել է հողամասից ու այլևս տուն չի վերադարձել:
Դատաքննության ժամանակ Սերգո Երեմյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով որպես վկա հրավիրված Աիդա Երեմյանը՝ ամբաստանյալի քույրը, ներկայացնելով դեպքի հետ կապված իրեն հայտնի հանգամանքները՝ նշեց, որ 2013 թվականի հունվարի 2-ին եղբայրը ընկերոջ՝ Հրաչի հետ, գնացել է իրենց բնակարան՝ իր Նոր տարին շնորհավորելու: Մեղադրող դատախազ Մանվել Ալեքսանյանի հարցին, թե արդյոք Հրաչն ու Սերգոն վիճել են իրար հետ Աիդայի բնակարանում, վերջինս պատասխանում է, որ վիճաբանություն չի եղել, բայց նրանք բարձրաձայն ինչ-որ բան էին քննարկում. չգիտի՝ ինչ: Մինչդեռ տուժածի հայրը նշում է, որ Աիդայի հորաքրոջ ամուսինը՝ Պավլիկը, իրեն հայտնել է, որ Աիդայի բնակարանում վիճաբանություն է եղել Հրաչի և Սերգոյի միջև:
Աիդան նաև նշում է, որ եղբայրն ու ընկերը Նոր տարվա առիթով մի քիչ խմած են եղել, բայց ոչ հարբած:
Վկա Մարատ Հովհաննիսյանը նշում է, որ Սերգոն իր ընկերոջ քեռու տղան է, իսկ սպանված Արայիկը՝ մանկության ընկերը: Հունիսի 3-ին նա Արայիկին կեսօրին տեսել է, ով ասել է, որ գնում է Սերգոյի Նոր տարին շնորհավորելու, ինքն էլ ասել է՝ առանց այն էլ խմած ես, մի գնա, սակայն Արայիկը մի շիշ օղի է գնել, և իր իմանալով՝ պիտի գնար:
Որպես վկա հրավիրված Վարդան Ենոքյանը ամբաստանյալի հորեղբոր տղան է: Նա վկայություն տվեց այն մասին, որ հունվարի 4-ին Սերգոն գնացել է իր բնակարան: Քանի որ երկուսն էլ մենակ են եղել, Սերգոն մնացել է իր տանը՝ մինչ հունվարի 5-ի երեկո:
Ենոքյանը նախ նշում է, որ ամբաստանյալը հանգիստ է եղել, ոչ մի տարօրինակություն նրա պահվածքում չի նկատել, որ իրենք իրար հետ խոսել են, կերել-խմել, անգամ կատակել, ապա քիչ անց նշում, որ Երեմյանը առողջական խնդիրներ է ունեցել, խմած է եղել և շարունակել է խմել:
Ենոքյանը նաև նշում է, որ մինչև իր տուն գնալը Երեմյանն իրեն զանգել է և ասել, որ ինքը Հոկտեմբերյանից է գալիս, որ նա գնա իր բնակարան, բայց ինքը չի գնացել, որից հետո Սերգոն առանց զգուշացնելու ինքն է գնացել Երեմյանի բնակարան:
Գործով վկա Հրաչ Քոչարյանին դատարանը դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ ծանուցում էր ուղարկել դատարան ներկայանալու վերաբերյալ, սակայն վերջինս չէր ներկայացել, որից հետո դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Սակայն, ինչպես պարզվում է, այն հասցեում, որտեղ հաշվառված է
Քոչարյանը, ոչ ոք չի բնակվում: Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի դահլիճում վերջինիս ներկայությունն ապահովելու այլ տարբերակ դատարանը չունի, կողմերի համաձայնությամբ ընթերցվեց Հրաչ Քոչարյանի նախաքննական ցուցմունքը: Համաձայն դրա՝ Քոչարյանը հունվարի 1-ին Սերգոյի հետ գնացել է Աիդայի բնակարան, այնտեղ խմել են, որի պատճառով չի հիշում մանրամասներ: Միայն հիշում է, որ Աիդայի բնակարանից դուրս գալուց հետո ինքն ու Սերգոն բաժանվել են: Իսկ Արայիկի սպանության դեպքի մասին լսել է հեռուստացույցով:
Դատարանն ընթերցեց նաև դատական գործում եղած փաստաթղթերը, որոնց թվում նաև՝ Սերգո Երեմյանի դատաբժշկահոգեբանական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն Սերգո Երեմյանի առողջական վիճակը, ալկոհոլ օգտագործելու հանգամանքը, բռնկուն բնավորությունը կարող էին ազդել նրա արարքների վրա, սակայն նա հոգեկան հիվանդությամբ չի տառապում և կարող է գիտակցել, թե ինչ է անում, ուստի նրան հնարավոր է համարել մեղսունակ:
Դատական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով և նշանակվեց հունիսի 25-ին ժամը12:30:
Արաքս Մամուլյան