ԲՀԿ-ն և ես

Հաջորդ թեման, որ պարզաբանումների կարիք ունի՝ ՀԱԿ-ԲՀԿ համատեքստում իմ դիրքորոշումներն են, Քաղաքագիտական հայտնի վերլուծության առումով: Հիմա արդեն կարող եմ այս թեմայով ազատ խոսել, որովհետեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները փակեցին Քաղաքագիտական վերլուծության էջը: (Կարդացեք նաև՝ «Առկախված հարցերի և ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան (մաս 1),(մաս 2), (մաս 3):

Ասել եմ բազմիցս, էլի եմ կրկնում, որ որեւէ համագործակցության չեմ կարող ինքնին կողմ կամ դեմ լինել, քանի դեռ հստակ բացատրված չի, թե կոնկրետ ինչ նկատի ունենք համագործակցություն ասելով: 2012թ. ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում անհամաձայնություն եմ արտահայտել Քաղաքագիտական վերլուծության հետ (տես՝ ՀԺ, 27.12.2011թ. «Քաղաքական տարին ամփոփելիս» http://www.armtimes.com/30590), որովհետեւ տեսել եմ, որ դա Կոնգրեսի ընտրողներին կողմնորոշում է դեպի ԲՀԿ:

Նախագահական ընտրությունների համատեքստում ասել եմ հստակ՝ բացառում եմ, որ Կոնգրեսը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին եւ բացատրել եմ՝ ինչու: Դրանք ըստ էության ամբողջացած են «Երրորդ հանրապետության առաջին բաժանումը» հոդվածում, Վ. Օսկանյանի հարցի կապակցությամբ իմ խորհրդարանական ելույթում:

Ասել եմ նաեւ, որ եթե ԲՀԿ-ն կպաշտպանի Կոնգրեսի թեկնածուին, թող պաշտպանի (տես՝ http://www.azatutyun.am/media/video/24769889.html): Ճիշտ է, չեմ ասել՝ խնդրում եմ, կոչ եմ անում, որ պաշտպանի, որովհետեւ իմացել եմ՝ անհնար է: Ինչպե՞ս եմ իմացել: Սա քննարկելը հիմա անիմաստ է, որովհետեւ ժամանակը եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրենք են հարցի պատասխանը տվել: Հիմա նորից հարց՝ դե՞մ եմ արդյոք ԲՀԿ-ի' որեւէ մեկի հետ համագործակցությանը: Չեմ պատասխանի հարցին, մինչեւ կոնկրետ չասվի, թե ինչ համագործակցության մասին է խոսքը: Օրինակ՝ ԲՀԿ պատգամավորների մի քանի օրենսդրական նախաձեռնություններին կողմ եմ քվեարկել: Ինչու՞: Կարդացել եմ, տեսել ճիշտ բան են առաջարկում:

ԲՀԿ-ի հետ կապված մի միֆ էլ կա, թե իբր թշնամական վերաբերմունք ունեմ կուսակցության ղեկավարի նկատմամբ, այդ վերաբերմունքով կուրացած եմ, կամ չգիտեմ ինչ: Քավ լիցի, ասել եմ ու ասում եմ, որեւէ մեկի նկատմամբ թշնամանք չունեմ, չեմ ունեցել ու չեմ ունենալու: Պարզապես հստակ ասում եմ՝ ինչի հետ համաձայն եմ, ինչի հետ՝ ոչ: Հիմա տեսեք. ասում եք՝ օրինակ 2008թ. ՈԶ զորքերի հրամանատար, ներկայում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը ուզու՞մ է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտում: Շատ լավ, ո՞վ է դեմ: Թող լրագրողներին, պատգամավորներին հավաքի, պատմի, թե ինչ է եղել Մարտի 1-ին, ոնց է եղել, ո՞վ է տվել կրակելու հրամանը, ո՞վ է իրականացրել պետական հեղաշրջումը: Նույնը վերաբերում է Վարդան Օսկանյանին եւ մյուսներին:

Րաֆֆին և ես

Որոշակի շրջանակներ մինչեւ օրս խոցեր են փնտրում 2013թ. նախագահական ընտրությունների ետընտրական պրոցեսներում իմ մասնակցության մեջ: Սկզբում, երբ հայտնվեցի Ազատության հրապարակում' ոմանք սկսեցին սոցիալական ցանցերում շրջանառել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նախկինում իմ գրած հոդվածները: Ես, իհարկե, ուրախ եմ, երբ իմ որեւէ հոդված վերհիշվում է, ուղղակի դեմ եմ, որ դա օգտագործվի ճղճիմ նպատակներով: Եթե արխիվներով ենք զբաղվում, եկեք հանենք իմ հոդվածները գրված' 1992, 93, 94, 95, 96, 97 թվականներին: Ես դրանք ինչ է, հերքե՞լ եմ:

Վերադառնալով 2013թ. ետընտրական պրոցեսներին իմ մասնակցությանը, ընդգծեմ. սկզբում ասում էին՝ պաշտոնի հոտ եմ առել, դրա համար եմ Ազատության հրապարակում: Ասում էին գնացել եմ՝ հրապարակը Րաֆֆիի ձեռքից առնելու: Երբ հրապարակային հրաժարվեցի որեւէ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կարգավիճակից, չգիտեին ինչ ասել: Հետո արդեն, ապրիլի 9-ից հետո, սկսեցին մեղադրել, թե բա ինչու՞ հեղափոխություն չարեցիր, հիմա էլ գրում են, թե բա ու՞ր էիր ապրիլի 9-ին: Չնայած բոլոր այս հարցերի պատասխանը մեկ անգամ մանրամասն տվել եմ, չեմ զլանա կրկնել:

ա) Ինչու՞ գնացի Ազատության հրապարակ - 2013թ. փետրվարի 19-ի առավոտյան տեսա, որ մի կողմում հանցավոր իշխանությունն է, մյուս կողմում՝ ժողովուրդը: Ինձ համար չկար հարց, թե ես որ կողմում եմ լինելու: Գնացի' կանգնելու Քաղաքացու կողքին:

բ) Ինչու չփորձեցի ավելի ակտիվ, ղեկավար դերակատարում ստանձնել - Այս հարցի պատասխանը տվել եմ հենց Ազատության հրապարակում: Մեջբերեմ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում իմ ունեցած ելույթից. «…«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն եւ ուրեմն՝ առաջին հերթին ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ժողովրդի վստահության քվեի հետ, ինչպե՞ս, ինչ ճանապարհով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ այն վերածել դե յուրե հաղթանակի: (…) Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե ինչ կբերի այս փետրվարը եւ դա մեծ, չափազանց մեծ պատասխանատվություն է: Հայաստանի լուսավոր ժողովրդին չի կարելի տանել պարտության, չի կարելի տանել հիասթափության եւ ձախողումի: (…) Քաղաքական առաջնորդությունը պիտի ժողովրդի հետ բացառիկ անկեղծ, առանց ենթատեքստերի եւ հանելուկների խոսակցություն ունենա: Բացատրի, թե ինչպես, ինչ քայլերով, ինչ մեթոդներով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ է պատրաստվում ժողովրդին առաջնորդել դեպի հաղթանակ»: Իմ գրեթե բոլոր ելույթներում շեշտել եմ, որ իմ դերը հրապարակում համեստ է, շարքային: Ես ոչ մի ամբիցիա չեմ խաղացրել հրապարակում, ոչ մի անգամ ելույթ ունենալու նախաձեռնություն չեմ ցուցաբերել: Առաջարկե՞լ են ելույթ ունենալ, խոսել եմ եւ ասել այն, ինչ օգտակար եմ համարել ժողովրդի հաղթանակի համար, չեն առաջարկել՝ չեմ ունեցել: Ինչու՞ եմ, ուրեմն, մնացել այդ համեստ դերի մեջ: Շատ պարզ պատճառով. լեգիտիմությունը կարեւոր է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության գործողությունների համար: Նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին չէի սատարել, նրա թիմի հետ չէի չարչարվել, ասել է թե' ամագ չունեի նրա հաղթանակի մեջ, որ մի հատ էլ փորձեմ համեստից բացի այլ դերակատարում ստանձնել: Եւ ի վերջո, ժողովուրդն ընտրել էր իր առաջնորդին, ես էլ ինչպես միշտ՝ Ազատության հրապարակում էի՝ Քաղաքացու կողքին:

գ) Ու՞ր էի ապրիլի 9-ին եւ ինչ էի անում - Ինչպես եւ խոստացել էի, ժամը 11.00-ից Ազատության հրապարակում էի, կնոջս եւ երեք երեխաներիս հետ: Հանրահավաքային առաջին դադարից հետո կրտսեր դուստրս՝ վեցամյա Շուշանը, տուն է գնացել: Մնացածներով մինչեւ կեսգիշերն անց եղել ենք իրադարձությունների թատերաբեմում: Բնականաբար, ընտանյոք մասնակցել ենք դեպի Բաղրամյան պողոտա երթին: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց, մենք մնացինք տեղում, այսինքն՝ Բաղրամյան պողոտայում, ոստիկանական պատնեշի դիմաց. ես, կինս, երկու երեխաներս եւ ընկերներս: Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալուց հետո հասկանալով իրավիճակը՝ միակ բանը, որ արել եմ՝ նրա հետ կապվելը, նրան իրավիճակը բացատրելը եւ Բաղրամյան պողոտա վերադառնալու անհրաժեշտությունը բացատրելն է եղել: Դժվարությամբ, որովհետեւ չափազանց դժվար էր նրա հետ կապվելը: Հաջորդ հարցը. ինչու ես ինքս որոշակի գործողություններ չեմ ձեռնարկել Բաղրամյան պողոտայում, մարդկանց գործողությունները կառավարելու իմաստով: Բանն այն է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածը ասում է. «Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ (…) Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի»: Դեպի Բաղրամյան պողոտա երթը հայտարարել, կազմակերպել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ դրանից հետո նա իմ առաջ հավաքը ղեկավարելու հարց չի դրել, խնդրանքով կամ պահանջով չի դիմել: Իսկ ես, ինչպես ասացի, որեւէ ոչ լեգիտիմ գործողություն չէի անի:

դ) Այսպիսի շեշտադրում էլ է կարծեմ հնչել, թե բա ինչու՞ չեմ քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման համար: Իհարկե, քննադատել եմ եւ դա արել եմ ինչպես հրապարակային, այնպես էլ՝ ոչ հրապարակային: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի՝ այդ հանդիպմանը հաջորդած առաջին իսկ ընդլայնված նիստում ասել եմ, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Սա ոչ հրապարակային քննադատության մասին: Ինչ վերաբերում է հրապարակայինին՝ 2013 թվականի մարտի 15-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել եմ. (մեջբերում եմ ըստ «Առավոտ» օրաթերթի). «Համաձայն եմ այն գնահատականների հետ, ըստ որոնց, նմանատիպ հանդիպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան թե պատասխաններ»:

Հիմա պիտի ասեն, որ ավելի շա՞տ պիտի քննադատեի: Ավելի շատ բան պիտի լիներ, ավելի շատ քննադատության արժանանալու համար: Իսկ բանն, ինչպես հիշում եք, մեկ հանդիպումից այն կողմ չանցավ:

Սա էլ ասեմ, որ վերջերս հանդիպել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ջերմ, բարեկամական զրույց ենք ունեցել եւ բաժանվել ենք բարեմաղթանքներով: Ու քանի որ գիտեմ, ծագելու է հարցը, էդ էլ ասեմ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն շուրջ մեկ տարի չեմ հանդիպել:

ՀՀԿ-ն ու ես

Այն ողջ ընթացքում, երբ ՀԱԿԿ-ԲՀԿ-ական որոշակի շրջանակներ բանսարկություններ էին տարածում իմ դեմ, ՀՀԿ-ական թեւի պահվածքը շատ հետաքրքիր էր: Այս թեմային արդեն անդրադարձել եմ ապրիլի 30-ի հայտարարության մեջ (http://www.nikolpashinyan.com/?p=2404) եւ այն, ըստ էության, արտացոլում է իրավիճակը: ՀԱԿԿ-ԲՀԿ-ականները պնդում էին, որ ես գործարքի մեջ եմ Սերժ Սարգսյանի եւ ավազակապետական ռեժիմի հետ, իսկ ՀՀԿ-ն հոգ էր տանում, որպեսզի հակառակի մասին վկայող որեւէ փաստի հեղինակ չդառնա: Այստեղ աշխատում էր նաեւ պրագմատիկ հաշվարկը. Հանրապետականները թերեւս հաշվարկում էին, որ պրագմատիզմի կանոններով, եթե երկու մասի բաժանված քաղաքական դաշտի մի հատվածի հետ պոլեմիկայի մեջ ես, պիտի փորձես ապաստան գտնել հակառակ թեւում: Բայց իրենց ակնհայտ թվացող լուծումն ուշանում էր՝ մերձբհկական կայքերը պնդում էին, որ ես ծախվել եմ Սերժին, Սերժի թեւը խորհրդավոր ժպտում էր, հույս ունենալով, թե հին քաղաքական էլիտայի համատեղ հաշվարկն աշխատելու է, բայց ժամանակն ընթանում էր, ու դա տեղի չէր ունենում: Հանրապետականները սկսեցին նյարդայնանալ ու այստեղ էր, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն արեց իր հայտնի հայտարարությունը, ինձ ուղղված շռայլ կոմպլիմենտներով: Այդ հայտարարությանն իմ արձագանքը թերեւս կանխատեսելի չէր, ու դրան հաջորդեց Տիգրան Սարգսյանի հայտնի նախաձեռնությունը ԱԺ դահլիճում: Ի դեպ, այս կապակցությամբ մի քաղաքացուց նամակ եմ ստացել, որ ասում է՝ իրեն թվացել է, որ իմ ու Տիգրան Սարգսյանի խոսակցությունից ինչ-որ բան թաքցնում եմ: Իհարկե, որեւէ բան չեմ թաքցնում. պարզապես հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հարցերին պատասխանելով' փորձում էի միաժամանակ երկու հարց լուծել. նախ, հանրությանն ամբողջապես տեղեկացնել, թե ինչ ենք խոսել եւ հետո չխախտել կոռեկտության կանոնները, այնպես չստացվեր, որ մի բան խոսեցինք, վազեցի լրագրողներին պատմելու: Այնպես որ, իմ ու Տիգրան Սարգսյանի խոսակցության մասին բացարձակապես ամեն ինչ պատմել եմ, մի փոքր այլ բառերով՝ կոռեկտության նկատառումներով: Եւ ի դեպ, նրա առաջադրած հարցերի շուրջ մտածել եմ եւ եկել եզրակացության, որ եթե Տիգրան Սարգսյանի համար իսկապես կարեւոր են իմ պատասխանները, լուծումը միակն է. նա պետք է հրապարակայնացնի իր հարցերը եւ ստանա հրապարակային պատասխաններ:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում իմ տեղին: Կարող եմ մի բան հաստատ ասել. ուրիշների գծած կոնֆիգուրացիաների մեջ չեմ տեղավորվելու: ՀՀ քաղաքացիների առաջ սուվերեն պարտավորություններ եմ ստանձնել ու անմնացորդ նվիրված եմ այդ պարտավորություններին: Ուզում եմ դիմել նրանց, ում առաջ Ազատ եւ Երջանիկ Հայաստանի պարտավորություն եմ ստանձնել. հանկարծ չկասկածեք: Ձեր վստահությունը հուսալի տեղում է, եւ ինչպես խոստացել եմ, ձեզ բերելու է հուսալի եւ հաստատուն քաղաքացիական դիվիդենտներ:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

հատուկ «ՀԺ»-ի համար

շարունակելի