Հոդվածիս նախորդ մասերը վերաբերում էին անցյալին: Երկար մտածում էի այդ խոսակցությունը շրջանցելու ձեւ գտնել, որովհետեւ տհաճ է նման տոնայնությամբ խոսել թեմաների մասին, որոնք ինչ-որ չափով արժեզրկում են նաեւ քո անցած ճանապարհը, որոշ հիասթափություն բերում այն մարդկանց, որոնց պարտավորվել ես ծառայել: Բայց ինձ համար ծառայության ուրիշ ձեւ չկա. եթե չես կարող ընդունել ճշմարտության, համոզմունքի մարտահրավերը, ուրեմն չես կարող ծառայել, ուրեմն դրժել ես երդումդ: (Կարդացեք նաև՝ «Առկախված հարցերի և ապագայի մասին. Նիկոլ Փաշինյան (մաս 1),(մաս 2), (մաս 3), (մաս 4):
Այս խոսակցությունը շրջանցել հնարավոր չեղավ, որովհետեւ ամեն անգամ, երբ փորձում էի խոսել ապագայի մասին, տեսնում էի, որ հարցեր կան, որ մնացել են անպատասխան. դա խանգարում է: Չեմ ասում, թե բոլոր հարցերին պատասխան եմ տվել հոդվածում: Հնարավոր է՝ կիսատ հարցեր են մնացել, որ այս պահին չկարեւորվեցին, որոնց հընթացս կանդրադառնամ ըստ անհրաժեշտության: Բայց այս պահին դրանք այնքան չեն, այնպիսին չեն, որ արգելակեն ապագայի մասին խոսակցությունը: Այս հոդվածն, ըստ այդմ, ապագայի թեմային հասնելու համար էր:
Ընթացիկ մարտահրավեր
Ապագայի օրակարգի համար կարեւոր է ընթացիկ իրավիճակի ճշգրիտ արձանագրումը: Բանալի հարցը հետեւյալն է. ինչու՞ Սերժ Սարգսյանը պահպանեց ձախողված կառավարությունը, ինչու՞ վարչապետ վերանշանակեց Տիգրան Սարգսյանին: Չէ՞ որ ինքն էլ էր լավ հասկանում, որ գոնե կառավարության փոփոխությամբ կարող է թեկուզ չնչին չափով հագեցնել փոփոխությունների այն ծարավը, որ ունի Հայաստանի ժողովուրդը: Չէ՞ որ հասկանում էր, որ ճահճային այս կայունությունն ավելի է խորացնելու հուսահատության մթնոլորտը, խթանելու արտագաղթը: Գիտեր, իհարկե, եւ ուրեմն՝ ինչու՞ Տիգրան Սարգսյանը մնաց իր պաշտոնում: Նույն պատճառով, ինչ 2008-ին. Տ. Սարգսյանի կառավարությունը քաղաքականապես անվտանգ է Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ չունի խորհրդարանական հենարան, ընդհակառակը' լուռ հակադրության մեջ է ԱԺ մեծամասնության հետ: Եթե չլինի Սերժ Սարգսյանի կամքը, հենց գործող մեծամասնությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կհոշոտի կառավարությանը եւ կձեւավորի սեփական կառավարություն:
Իսկ ԱԺ մեծամասնության հետ օրգանական կապ ունեցող կառավարությունը ՀՀ գործող Սահմանադրությամբ, շատ ավելի զորեղ է, քան նախագահական իշխանությունը: Եւ ուրեմն, քանի դեռ կառավարությունը ԱԺ մեծամասնության փաստացի լիդերներից չէ ձեւավորված եւ չունի ուժեղ խորհրդարանական հենարան, նախագահական իշխանության ուժեղությունն ու միահեծանությունը երաշխավորված են:
Այս ամենը նկարագրեցի ցույց տալու համար, որ Սերժ Սարգսյանի գործելու մոտիվը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ իշխանության պահպանումը: Սա նշանակում է' նա չի պատրաստվում 2018-ին հեռանալ: Եթե հեռանալու ցանկություն ունենար, հիմա գործողությունների հիմքում կդներ ոչ թե սեփական իշխանության անվտանգության, այլ օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ իրական պայքարը, ազատ ընտրական համակարգի գործարկումը՝ գոնե ինչ-որ բարի հիշողություն թողնելու համար: Որ նման բան չկա նրա մտքում, ապացուցվեց Երեւանի քաղաքապետի ընտրություններում:
Բայց ՀՀ Սահմանադրությամբ' Սերժ Սարգսյանը չի կարող 2018-ին նախագահի թեկնածու առաջադրվել, ինչպե՞ս է ուրեմն լուծելու իշխանության մնալու հարցը: Պատասխանը կրկին կառավարությունն է: Եթե առանց ԱԺ մեծամասնության վարչապետը' գործող Սահմանադրությամբ, անվտանգ ֆիգուր է նախագահական իշխանության համար, ապա մեծամասնություն չունեցող նախագահն անվտանգ ֆիգուր է խորհրդարանական մեծամասնություն ունեցող վարչապետի համար:
Նախագահ-վարչապետ. ո՞վ է ավելի ուժեղ մեր Սահմանադրությամբ՝ նա, ով տիրապետում է խորհրդարանական մեծամասնությանը: Սերժ Սարգսյանի տեսանելի պլանն, ըստ այդմ, հետեւյալն է. մինչեւ 2018-ը ավելի ուժեղացնել օլիգարխիան, 2017թ. խորհրդարանական ընտրություններում կրկին ապահովել իրեն ենթակա խորհրդարանական մեծամասնություն, 2018-ին օլիգարխիայի միջոցով նախագահ կարգել որեւէ մեկին եւ տեղափոխվել կառավարություն՝ վարչապետի կարգավիճակով: Առնվազն՝ հինգ տարով: Այս սցենարն, ի դեպ, հընթացս սկսել են մատուցել մերձիշխանական ԶԼՄ-ներով, խորհրդարանական միջանցքներում, որ մարդիկ նաեւ ընտելանան-հարմարվեն դրան:
Հարցն ավելի է սրվում նրանով, որ գործող ընդդիմադիր դաշտը՝ այսօրվա վիճակով եւ կառուցվածքով, նույնիսկ տեսական, նույնիսկ չնչին շանսեր չունի հակազդելու այս ծրագրին եւ ընդհակառակը, այս ծրագրի մեջ է՝ մասամբ կամա, մասամբ ակամա: Հենց սրանում է ԲՀԿ դերակատարման նրբությունը, որն այդպես էլ համառորեն չեն ընկալում, կամ չեն ուզում ընկալել ոմանք: 2011-ին ԲՀԿ-ի խնդիրն ընդդիմադիր առանցքային ուժին ոչնչացնելն էր, նա լուծեց այդ խնդիրը, ընդ որում, առանց դժվարության, որովհետեւ ինչպես պարզվեց՝ ներսում հզոր դաշնակիցներ ունի: Բայց սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ԲՀԿ այդ դերակատարումը սպառված է. նա շարունակում է նույն անելիքը, որի էությունն առաջիկայում լինելու է հետեւյալը. թույլ չտալ ընդդիմության ինքնուրույն սուբյեկտների առաջացումը քաղաքական դաշտում:
Սա ԲՀԿ հիմնական, բայց ոչ միակ դերակատարումն է: Տեսեք. այդ կուսակցության հետ կապված հույսերի արդյունքում 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը մնաց առանց ռեալ մրցակցի: Ր. Հովհաննիսյանի թեկնածության շուրջ, սակայն, ժողովուրդը համախմբվեց, եւ արդեն քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն կատարեց իշխանության «չիստիլշիկի» դերը եւ նախագահական ընտրություններում հաղթած ընդդիմությանը գցեց աուտ: Սա, ի դեպ, երրորդ ընդդիմությունն է, որ ԲՀԿ-ի ձեռամբ հայտնվեց խաղից դուրս վիճակում. 2007-ին այդ վիճակում հայտնվեցին «Արդարություն» դաշինքի հետնորդները, 2012-ին Հայ ազգային կոնգրեսը, 2013-ին' «Բարեւ Երեւանը»:
Քավ լիցի, չստացվի, թե ընդդիմության դժբախտությունների մեղքը ուզում եմ փաթաթել ԲՀԿ-ի վզին: Առաջին հերթին' ընդդիմությունն է մեղավոր, որ այդպես էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում դաշտում: Իշխանության «հաջողությունները» սկսվում են ընդդիմության անվերջանալի եւ անհասկանալի սխալներից: Բայց սրանից հարցի էությունը չի փոխվում:
Պատկերի ամբողջությունն ապահովելու համար դիտարկենք նաեւ Ռոբերտ Քոչարյանի պարագան: Պայքարելու՞ է արդյոք նա իշխանության համար: Անշուշտ, բայց պայքարելու է ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ հանուն իրենց երկուսի վաղեմի ծրագրի վերջնական իրականացման: Կոպիտ ասած՝ որ Սերժ-Ռոբերտ, Սեդրակ-Միշիկ առանցքը շարունակի որոշիչ լինել' տեսանելի եւ նույնիսկ անտեսանելի ապագայում:
Բայց սա ներքին ռազբորկայի խնդիր է, եւ ընդդիմության համար մահացու սխալ կլինի որեւէ ձեւով այս ներքին ռազբորկայի կողմ դառնալը: Այստեղ մի զավեշտալի նրբություն կա. եթե ընդդիմադիր դաշտը մնա այնպիսին, ինչպիսին այսօր, Սերժ Սարգսյանը կարող է օգտվել առիթից՝ ամբողջն իրենով անելու համար, իսկ եթե լուրջ ընդդիմություն ձեւավորվի, դա կարող է մեծացնել Ռ. Քոչարյանի դերը, եւ եթե իշխանափոխության իրական հնարավորություն ստեղծվի, Սերժ Սարգսյանը կարող է ստիպված լինել նրան ներքաշել խաղի մեջ, ինչ-որ բան պահպանելու հույսով: Սա ասում եմ ընդգծելու համար, որ իրավիճակն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել:
Ընդդիմության անելիքը
Ներքաղաքական օրակարգը, ըստ այդմ, չի փոխվել: Հայաստանում ընդդիմությունը երբեք իշխանության չի եկել: Այսօր էլ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գործում է մի համակարգ, որի նպատակը սա թույլ չտալն է՝ որեւէ գնով: Հանցավոր այս ռեժիմն իր էությունը չի փոխելու, սա նշանակում է, որ իր էությունը պետք է փոխի ընդդիմությունը՝ դառնա հաղթող, կենսունակ եւ վստահելի: Ընդդիմությունը պետք է հասնի իշխանության, սա է իրական փոփոխության, առաջընթացի նշանը, երաշխիքը, միջոցը: Իսկ սրա համար անհրաժեշտ է ունենալ իշխանության հասնելու օբյեկտիվ տվյալներ ունեցող ընդդիմություն: Նկատի ունեմ՝ ընդդիմություն, որն ունի երկրի զարգացման, ինչպես նաեւ իշխանության հասնելու հստակ-հանրամատչելի ծրագիր, եւ այդ ծրագրերն իրագործելու ընդունակ քաղաքական եւ հանրային թիմ՝ ստվերային կառավարությունով, վերլուծական ենթակառուցվածքներով, ժողովրդավարական համակարգերին հատուկ ֆինանսական մեխանիզմներով:
Կա՞ արդյոք այսօր այսպիսի ընդդիմություն ձեւավորելու պոտենցիալ: Անշուշտ կա, բայց այդ պոտենցիալի միայն մի փոքր մասն է ներգրավված ակտիվ քաղաքական գործընթացներում, մի մասն է միայն երեւում, մի մասի անունն է միայն հայտնի հանրությանը: Քաղաքական սերնդափոխությունը, որի մասին այդքան խոսվում է, պետք է տեղի ունենա, սուվերեն եւ նոր օրակարգով մարդիկ ներգրավվեն քաղաքական գործընթացներում, ընթացիկ առաջնորդների հետ դառնալով նոր անելիքի կրողները: Արտագաղթած քաղաքացիները պետք է ներգրավվեն ներքաղաքական պրոցեսներում, դառնան ՀՀ ներքաղաքական օրակարգի կրող: Նրանց մի մասը պիտի մաս կազմի հնարավոր ստվերային կառավարությանը, մյուս մասը՝ ներգրավվի քաղաքացիական գործունեության մեջ: ՀՀ-ից արտագաղթած քաղաքացիները, ովքեր ընտրացուցակներում ներգրավված մնալով եւ ընտրությունների օրը Հայաստանում չգտնվելով, կեղծիքների ռեսուրս են դառնում իշխանության համար, պետք է օգնեն իշխանության այդ զենքը հենց իշխանության դեմ կիրառելու գործում: Էսօրվանից, էսօրվանից ենք սկսելու խոսակցությունն այն մասին, որ արտագաղթած մեր հայրենակիցներն իրենց առաջիկա տարիների կյանքը պլանավորեն այնպես, որ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների օրը լինեն Հայաստանում եւ քվեարկեն, քվեարկեն հանուն իշխանափոխության՝ վարչախմբին զրկելով ընտրակեղծիքի 700 հազար քվեանոց ռեսուրսից: Իսկ ՀՀ քաղաքացիություն չունեցող մեր հայրենակիցները տասնյակներով վերահսկողության տակ պիտի առնեն Հայաստանի 1988 ընտրական տեղամասերը, թույլ չտալով որեւէ կեղծիք:
Բայց որպեսզի նման բան տեղի ունենա, պետք է նախ վստահություն ներշնչող ընդդիմություն լինի, որը ոչ միայն կլինի լավը, գիտակ, ազնիվ, այլեւ մարդկանց հույս ներշնչի, որ իր հետ արժե գործ ունենալ: Ի վերջո, եթե այդպիսին չլինի ընդդիմությունը՝ ոչ քվե կունենա, ոչ էլ քվե պահելու անհրաժեշտություն: Ընդդիմության նախորդ 20 տարիների անհաջողությունների դասերը պետք է լրջորեն եւ մանրամասնորեն սերտվեն, այդ դասերից պետք է հետեւություններ արվեն:
Եւս մեկ պայման. պարտությունը պետք է բացառել: Ժողովրդին չի կարելի տանել պարտության, չի կարելի տանել ձախողման. եթե չկա հստակ պատկերացում՝ հաղթանակի, դրա ձեւերի մասին, եւ այդ պատկերացումները հանրամատչելի ու համընդհանուր վստահելի չեն, ավելի լավ է մարդկանց թողնել՝ իրենց յուղի մեջ տապակվելու, քան տանել հերթական անգամ ջարդելու, մսխելու, թեւաթափ անելու:
Այսպես, ահա. հենց այս խնդիրներին է նվիրված լինելու իմ առաջիկա տարիների անելիքը, որը ձեւակերպված է Քաղաքացիական պայմանագրի նախագծում: Քաղաքացիական պայմանագիրը պետք է մեկնարկի ու սկսի գործել՝ համագործակցություն փնտրելով քաղաքացիական եւ ընդդիմադիր դաշտում, եւ այն ունի յուրաքանչյուրիդ աջակցության կարիքը՝ բարոյական, մտավոր, ֆինանսական: Այս թեմային առաջիկայում կանդրադառնանք մանրամասնորեն: Գիտեմ, որ գործող քաղաքական վերնախավը հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով խոչընդոտելու է մեզ, բայց մարտահրավերից վախեցող չենք եղել ու չենք լինի: Յուրաքանչյուրը կհամոզվի, որ մեզ նետած ձեռնոցը գետնին չի մնա: Բայց մենք կշարժվենք մեր եւ ոչ թե ուրիշների օրակարգով եւ ժամանակացույցով:
Ուզում եմ նշել նաեւ հետեւյալը. քաղաքական գործունեության մեջ երաշխիքներ չկան: Մենք (նկատի ունեմ՝ Քաղաքացիական պայմանագիրը) կարող ենք պարտվել: Բայց մեր պարտքն է՝ պարտվելիս պարտվել այնպես, որ դա լինի մեր անձնական պարտությունը:
Բայց մենք պարտավոր ենք հաղթել, պարտավոր ենք հաղթել այնպես, որ մեր Հաղթանակը ապագայի, Հայաստանի, ժողովրդի եւ Սահմանադրության հաղթանակը լինի: Սա էր իմ ասելիքը այս հոդվածի շրջանակներում: Շնորհակալություն, որ հինգ օր համբերատար կարդացիք:
Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր
հատուկ «ՀԺ»-ի համար