Հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:
Դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:
Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն հայտնեց վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:
Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացավ դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:
Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:
Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունեց Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնեց նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը: