Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը սեպտեմբերի 3-ին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Նախագահ Ֆուադ Մաասումին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից, հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում դեսպանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և բարեմաղթությունները Իրաքի Նախագահին և ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Իրաքի միջև պատմության ընթացքում ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և Հայաստանի իշխանությունները ձգտում են զարգացնել և ամրապնդել դրանք բոլոր ասպարեզներում։
ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին և խստորեն դատապարտում են բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները, որոնց արդյունքում ծանր իրավիճակում է հայտնվում քաղաքացիական բնակչությունը և բռնությունների են ենթարկվում ազգային և կրոնական փոքրամասնությունները։
Դեսպան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը ողջունում և պաշտպանում է իրաքյան իշխանությունների ջանքերը երկրում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։
Նախագահ Ֆուադ Մաասումը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ: Նա նշել է, որ Հայաստանը և հայերը լավ ճանաչված են արաբական աշխարհում, այդ թվում և Իրաքում, ու արժանացել են տեղի բնակչության հարգանքին' իրենց ազնվության և աշխատասիրության շնորհիվ՝ ավելացնելով, որ Իրաքը ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և կաջակցի այս ուղղությամբ կատ արվող յուրաքանչյուր նախաձեռնությանը։
Հանդիպման վերջում Նախագահ Մաասումը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։