Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկային:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մալթայի Նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և անդրադարձ կատարեց երկու երկրների պատմական առնչություններին:

 

Դեսպան Բաղդասարյանն իր հերթին, Մալթայի Նախագահին փոխանցելով ՀՀ Նախագահի ողջույնները, հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր կներդնի հայ-մալթական երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մալթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մալթա կատարած այցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև Մալթայի արտաքին գործերի նախարար Ջորջ Վելայի և Մալթայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անգլու Ֆարրուջայի հետ: