Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հոկտեմբերի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Խորհրդի Նախագահ Հերման Վան Ռոմպույին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է դեսպան Մարգարյանի և Հերման Վան Ռոմպույի միջև կայացած առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Շնորհավորելով ՀՀ դեսպանին' Եվրոպական Խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Մարգարյանը լավագույնս կնպաստի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Վան Ռոմպույը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների անցած ճանապարհին, կարևորեց համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:
Դեսպան Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ պատրաստակամ է ջանքեր գործադրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ: Եվրոպական խորհրդի Նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը: