Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) ՀՀ նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանը (նստավայրը' Բուխարեստ) նոյեմբերի 19-ին, Չետինյեի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Նախագահ Վույանովիչը և դեսպան Գասպարյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում շոշափվել են երկու երկրների միջև կապերի զարգացման համար իրավապայմանագրային բազայի ստեղծման, բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման և երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների որոշման հարցեր:

 

Նախագահ Վույանովիչը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը' գոհունակություն հայտնելով անցյալ տարի ամռանը Չեռնոգորիայում կազմակերպված համատեղ գործարար համաժողովի կապակցությամբ:

 

Հաջողություն մաղթելով դեսպանին նոր առաքելության մեջ' Նախագահ Վույանովիչը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Նախագահին:

 

Չեռնոգորիա կատարած այցի շրջանակներում դեսպան Գասպարյանը հանդիպել է նաև Չեռնոգորիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: