Վրաստանի Նախագահի նստավայրում, օգոստոսի 20-ին, Թբիլիսիում Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններ ին:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրել է, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:

 

Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկել են դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձր մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը: