Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն (նստավայրը' Մեխիկո) իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի Նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձման արարողության ավարտին տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում դեսպան Հովհաննիսյանը Կոստա Ռիկայի Նախագահին և ժողովրդին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:
Իր հերթին Նախագահ Սոլիսը, գոհունակություն հայտնելով Կոստա Ռիկայում առաջին անգամ Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի վերաբերյալ, դեսպան Հովհաննիսյանին մաղթել է հաջողություն առաջիկա աշխատանքներում և հույս հայտնել, որ այն կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես, տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում:
Նախօրեին դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնել է Կոստա Ռիկայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարի տեղակալ Ալեխանդրո Սոլանո Օրտիսին:
Արարողությունից հետո տեղի ունեցած հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդգծել է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի' 2012թ. աշնանը կայացած այցը և երկու երկրների արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին: