ԱԻՄ պատվիրակությունը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին հանձնեց դեռեւս նախագահական ընտրություններում ներկայացված ԱԻՄ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Լրագրողների հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացված հայեցակարգի հիմնական դրույթներից է այն, որ ժողովրդավարությանն ավելի հարիր է կառավարման նախագահական մոդելը: «Մենք նաև հիմնավորումներ ենք ներկայացնում և բացում ենք փակագծերը, թե ինչու ենք նախընտրում նախագահական մոդելը: Մենք առաջարկում ենք ունենալ այնպիսի պետական համակարգ, որում վարչապետն ու փոխվարչապետը կլինեն ընտրովի, խորհրդարանը կլինի ընտրովի, ընտրովի կլինեն վարչական միավորների ղեկավարները՝ Հայաստանի դեպքում մարզպետները և վերին ատյանի դատավորները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայրիկյանը:
Նա ընդգծեց, որ նախագահականը մարդկությանը հայտնի միակ տարբերակն է, որտեղ իսկապես կա իշխանությունների տարանջատում: Մանրամասնելով՝ Հայրիկյանը ներկայացրեց, թե ինչ է նշանակում իշխանությունների տարանջատում: «Դա նշանակում է, որ իշխանության գլխավոր կրողը՝ ժողովուրդը, ստեղծում է իշխանության երեք առանձին ճյուղեր՝ գործադիր, դատական և օրենսդիր, և այդ ուժերը պետք է միմյանց հավասարակշռեն: Եթե ժողովուրդն ընտրում է ներկայացուցչական մարմին և այդ մարմինն է կատարում մյուս գործառույթները, նշանակում է' ժողովուրդը չի մասնակցում մնացած ճյուղերի ձևավորմանը»,- ընդգծեց Հայրիկյանը:
Նա ընդգծեց, որ որոշել են հրապարակային կերպով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի սեփական տարբերակը հանձնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահին, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա ասել, որ իրենց այլընտրանք չի առաջարկվել: «Մենք ցանկանում ենք ամրագրել, որ այլընտրանք իրենց մատուցվել է: Ես ցանկանում եմ, որ մենք առաջ գնանք քաղաքակրթական ճանապարհով, իսկ այն տարբերակը, որը ես եմ ներկայացրել, Հայաստանը կդարձնի աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը»,- նշեց նա:
ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Գագիկ Սարուխանյանը, ով ԱԻՄ պատվիրակության կազմում ՍԴ նախագահին էր հանձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց շատ սիրալիր ընդունել են և վստահեցրել, որ հայեցակարգը կփոխանցեն Գագիկ Հարությունյանին: Նա տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են, որպեսզի Գագիկ Հարությունյանն ընդունի Պարույր Հայրիկյանին, սակայն իրենց մերժել են՝ վստահեցնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը կստանա փաստաթուղթը: