«Նեղացել եմ, սաղիցդ նեղացել եմ»,-ասում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա այլեւս չի ուզում գործ ունենալ լրագրողների հետ, սակայն մեկ հարցի հաճույքով պատասխանեց՝ ինչքա՞ն գումար է պետք միջին վիճակագրական հային, որպեսզի նա չփախչի Հայաստանից. «Ցավդ տանեմ ես չեմ իմանում, չեմ կարա ասեմ»։ Այս մասին գրել է «Ա1+»–ը։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը համոզված է, որ քաղաքացին չի փախչի, եթե կարողանա աշխատել 300 հազար դրամ, բայց առանց դրա էլ ճիշտը չգնալն է. «Հո չեն գնում էնդեղ նախարարներ աշխատում, կամ վարչության պետեր աշխատում, գնում են բանվորության, մնացեք էստեղ արեք էդ բանվորությունը»։

«Ինչ փող, միջին վիճակագրական հային հավատ է պետք Հայաստանում մնալու եւ գազի գնի թանկացմանը դիմակայելու համար»,-ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմունքն է։

«Ներկայի եւ ապագայի հանդեպ, հավատ ա պետք, գումար պետք չի։ Էդ հավատի մեջ մտնում ա օրենքի նկատմամբ բոլորի հավասարությունը եւ այլն»,-ասում է նա:

Կուսակից Նաիրա Զոհրաբյանը չի կարող ասել արժանապատիվ գումարի չափ, բայց կարող է ասել, թե ինչքան է պետք գոյությունը քարշ տալու համար. «Մեկ անձին գոյությունը քարշ տալու համար մոտավորապես 100 հազար դրամ»:

Գործարար պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի կարող ասել, թե հատկապես ինչքան գումար է պետք չարտագաղթելու համար։ Նույնիսկ իր չարտագաղթելու մեջ ինքը համոզված չէ, բայց ոչ այսօր. «Իմ գումարները հերիքում են, որ ես նորմալ Հայաստանի որպես քաղաքացի ապրեմ եւ հաճույք ստանամ»։

Ֆինանսների նախարարին հարցը ամբողջական չի թվում։ Արտագաղթի մասին ինքը տարբեր հետազոտություններ է կարդացել, չնայած դրան դեռ չգիտի, թե ինչու են արտագաղթում։

«Դուք կարծում եք, որ Հայաստանից գնում են կամ չեն գնում զուտ գումարի՞ պատճառով»,-ասում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Դաշնակցական Արմեն Ռուստամյանի կարծիքով գնում են կառավարության ապաշնորհության պատճառով, իրենք առաջարկում էին նվազագույն աշխատավարձը դարձնել 90 հազար դրամ, ո՞վ լսեց.«Իրենք ցինիկ մի քաղաքականություն են որդեգրել, որի հիմքում ընգած ա էդ՝ անում ենք, լավ ենք անում»։

Պարոն Ռուստամյանն զգուշացնում է իշխանություններին՝ մի փոքրիկ ցնցում է պետք Հայաստանին, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, պատգամավորը չի բացառում, որ այդ ցնցումը կարող է աշխուժացնել նաեւ թուրքերին ու ադրբեջանցիներին։