Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Գորիսի դեպքերի գործով Զինվորական դատախազի հանձնարարությամբ կանչվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հարցաքննության, Panorama.am-ին փոխանցում են ՀԱԿ-ի աղբյուրները:
Ջհանգիրյանին հարցաքննության կանչելու համար հիմք է հանդիսացել նրա այսօրվա հարցազրույցը:
Նշենք, որ Ջհանգիրյանը «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Ծանրագույն հանցագործություն է տեղի ունեցել, մեկը սպանվել է, բանակի հրամանատարը ծանր վիրավորվել է, այլ վիրավորներ էլ կան, ես վստահ եմ: Նաև կարծում եմ, որ երկուսը չեն վիրավոր, իմ տեղեկատվությամբ' վիրավորների թիվն ավելի շատ է»:
Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին գիշերը տեղի էր ունեցել վիճաբանություն, այնուհետև' կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային կրակոցներից մահացել էր, նրա եղբայրը' ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիճակում տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալ: Տուժել էր նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, որը նույնպես հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է մարզպետի պաշտոնից: