Lragir.am. Հայաստանում ինչու՞ հանկարծ խոսեցին վարկային տոկոսադրույքների իջեցման մասին: Հիշեցնենք, որ այդ մասին խորհրդարանում հայտարարել է խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով կոչ է արել նվազեցնել վարկերի տոկոսները:
Տոկոսադրույքները, հասկանալի է, հենց այնպես չեն իջեցվում: Եթե Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 8%, առեւտրային բանկերը չեն կարող 12%-ից ցածր վարկ տալ: Սակայն, քանի որ Հայաստանում գերշահույթները չեն կարգավորվում, բանկային վարկերի վրա պետական սահմանափակումներ չկան, բանկերը տոկոսները բարձրացնում են մինչեւ 24՝ եթե կարելի է շահույթ ստանալ, ապա ինչու չանել դա:
Արդյունքում, ինչպես Հովիկ Աբրահամյանն է ասում, բարձր տոկոսադրույքով կարճաժամկետ վարկերը խոչընդոտում են տնտեսական զարգացմանը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն իրոք ֆինանսական կղզյակ է դարձել, ինչպես Տիգրան Սարգսյանն է կանխատեսել 5 տարի առաջ: Միայն թե այդ ֆինանսական կղզյակը ստեղծվել է առանց ապահովագրող բարձիկի, ինչպիսին իրական տնտեսությունն է: Հակառակ դեպքում ֆինանսական փուչիկը շատ շուտով կարող է պայթել:
Կենտրոնական բանկն իր պահուստները հիմնականում համալրում է ԱՄՀ վարկերի հաշվին: Սակայն վերջերս ԱՄՀ ներկայացուցիչները հայտարարել են, որ ավարտում են Հայաստանին արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագիրը, եւ հարկ կլինի ինքնուրույն մնալ ջրի երեսին: Դա նշանակում է, որ ԱՄՀ-ը կդադարի ապահովել Կենտրոնական բանկի պահուստները: Քանի որ ոսկու պաշարները մի քանի տարի առաջ վաճառվել են, դեռեւս չթողարկված եվրապարտատոմսերի ճակատագիրը հայտնի չէ, ապա մնում է միայն մեկ ճանապարհ՝ անցնել իրական տնտեսության զարգացմանը:
Ակնհայտ է դարձել, որ Հայաստանում փչված ֆինանսաբանկային փուչիկ մոտ է պայթելուն: Իրավիճակը փրկելու համար Կենտրոնական բանկը կարող է կտրուկ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ստիպել առեւտրային բանկերին էժան փողեր տալ, իսկ մարդկանց՝ իրական տնտեսություն կառուցելու հնարավորություն:
Դժվար չէ կռահել, թե ինչպես են տրվելու էժան վարկերը: Ըստ ամենայնի, դրանք կվերցնեն նույն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են տնտեսությունը: Այդ մարդիկ այսօր էլ բազմաթիվ վարկեր են ստանում բանկերում, սակայն նրանք բազմաթիվ առավելություններ էլ ունեն՝ հիմնականում ցածր տոկոսով են ստանում, երկար ժամկետով, պետական երաշխիքով, իսկ եթե չեն կարողանում վճարել՝ պետությունն ինքը կարող է դա անել: Կարելի է բազմաթիվ այդպիսի դեպքեր հիշել, բավական է հիշել Նաիրիտ գործարանի եւ դրա վարկային պարտքերի հետ կապված պատմությունը:
Հայաստանի բանկային հնգամյակը կարելի է ավարտված համարել: Ինչպես միշտ, ոչ ոք պատասխան չի տա այն բանի համար, որ հանուն ֆինանսական փուչիկի փչման ոչնչացվել են Հայաստանի գյուղատնտեսության, շինարարության, իրական տնտեսության մի շարք այլ ոլորտներ, պարտքային լծի տակ հայտնված հազարավոր մարդկիկ հեռացել են երկրից: Փուչիկը մոտ է պայթելուն, եւ պետք է շուտափույթ ապահովագրվել: Իսկ դա, ինչպես միշտ, կարող են անել նրանք, ովքեր ցորեն են աճեցնում, կառուցում են, արտադրում են, եւ նրանք կրկին ստիպված են լինելու փրկել նրանց, ովքեր փողից փող են սարքում: 

Նաիրա Հայրումյան