ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցրել է կառավարությանը, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում լիցքաթափելու համար Պռոշյան գյուղի լարվածությունը, որն առաջացել է նախկին գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո:
«Մենք մեր գյուղերը գիտենք, ինչո՞ւ եք հատուկ գրգռում մարդկանց, ի՞նչ եք ուզում ապացուցել, թե քիչ են դժգոհության օջախները մեր երկրում»,- ասել է Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով այն մասին, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Պռոշյանում գյուղապետի պաշտոնակատար է նշանակել մի կնոջ (Արմենուհի Մելիքյան / խմբ.), որը գյուղապետի նախորդ ընտրությունների ժամանակ հավաքել է ընդամենը 57 ձայն և գյուղացիների կողմից ընդունված չի եղել:
Հարցին պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով ասել է, որ մարզպետը այս պարագայում գործել է օրենքի շրջանակներում և կարող էր նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նա նաև նշել է, որ մարզպետը իր ճանաչած մարդկանցից է նշանակել պաշտոնակատար, և ինքը գտնում է, որ ճիշտ ընտրություն է կատարել:
«Այս պարագայում մարզպետի գործողությունների մեջ օրենքի տառի խախտում չեմ տեսնում: Այլ է, որ կա լարվածություն տեղի ունեցածի հետ: Եվ ես կոչ եմ անում զսպվածության և որ բոլորի գործողությունները լինեն օրենքի շրջանակներում»,- ասել է Արմեն Գևորգյանը:
Արձագանքելով Աղվան Վարդանյանն ասել է, որ որևէ մեկը չի ասում, որ օրենքի տառի համաձայն չգործեն, բայց եթե գյուղը դեմ է, պետք չի ասել, որ դա օրենքի տառին համապատասխան է:
Լիլիթ Թադևոսյան