«Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին շենքն է, բայց այս շենքը առանձնանում է մի այլ բանով. այս շենքի պատշգամբից են առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը հռչակել անկախ եւ ինքնիշխան, այստեղ էր բարձրացվել Հայաստանի դրոշը: Սա այնպիսի շենք է, որ պիտի ազգիս երիտասարդությանը կրթեր եւ դաստիարակեր Արամի եւ Քաջազնունու ոգով, որ պիտի իր արժեքով ամեն հայի համար ամենաքիչը թանգարան լիներ, այնինչ… այս շենքը հիմա որպես «պիցցայանոց» է հայտնի: Հարցրեք յուրաքանչյուր անցորդի Տիգրան մեծի փողոցում եւ տեսեք' քանիսը կիմանան, թե սա ինչ շենք է եղել: Բայց միգուցե մենք հենց սրան էլ արժանի ենք, ու մեզ կրթողը «պիցցայանոցն» է,- ֆեյսբուքյան «Արեւմտյան Հայաստան» էջի օգտատերը իր զայրույթն է հայտնում Կառավարության շենքը «Տաշիր պիցցայի» վերածելու կապակցությամբ:
ԳԱԼԱ-ն հետեւեց Էջի օգտատիրոջ խորհրդին եւ փորձեց պարզել, թե փողոցով անցնողներից քանիսը գիտի, թե ինչ շենք է եղել այժմյան «Տաշիր պիցցան»: Հարցված 15 անձանցից ոչ ոք չկարողացավ տալ հարցի պատասխանը, իսկ երբ ԳԱԼԱ-ն նրանց տեղեկացրեց, թե դա ինչ շենք է եղել, նրանցից մեկը կարծիք հայտնեց. «Դե, Հայաստանում նորություն չէ պատմամշակութային արժեքները բիզնես կենտրոնների վերածելու սովորությունը, Կառավարության շենքից սկսել են եւ քիչ-քիչ շարժվում են դեպի հրապարակ»:
Արաքս Մամուլյան