ՀՀ ոստիկանությունը թերթերի հրապարակումներից տեղյակ է «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանին ծեծի ենթարկելու մասին, սակայն գործ չի հարուցում, քանի որ բողոք չկա: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը: Ըստ թերթի՝ նա արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում եւ, բանկում շրջանառվող լուրերի համաձայն, հունիսի 10-ի աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ՀՀ ոստիկանությունը այս հրապարակումից հետո ինչ քայլեր է ձեռնարկել՝ պարզելու ծեծի ենթարկված անձի գտնվելու վայրը, կամ թե ովքե՞ր են ծեծի ենթարկողները, ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից Զարզանդ Գաբրիելյանը ասաց. «Այդ քաղաքացին ոստիկանություն չի դիմել, հայտարարություն չի եղել եւ նաեւ չի բողոքում»:
Քրիստինա Մկրտչյան