Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելուն ընդդիմացող հարյուրավոր ցուցարարներ են այսօր դուրս եկել Հոնկոնգի փողոցներ:

Ցույցի մասնակիցները երթով անցել են Հոնկոնգում ԱՄՆ-ի հյուպատոսության մոտով՝ բացականչելով «Պաշտպանեք խոսքի ազատությունը», «Պաշտպանեք Սնոուդենին», «Ոչ, արտահանձնմանը» կարգախոսները:

Ակտիվիստները Հոնկոնգում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Սթիվեն Յանգին են փոխանցել մի նամակ, որտեղ դատապարտել են ԱՄՆ-ի կողմից համացանցի օգտատերերի նկատմամբ իրականացվող հետապնդումները:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները մուտք ունեն դեպի այն սերվերներ, որոնք տնօրինվում են աշխարհի խոշորագույն համացանցային ընկերությունների կողմից:

Բացի այդ նա հաղորդել է, որ «Verizon» հեռակապային ընկերության օգտատերերի միլիոնավոր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են, որը ըստ Սնոուդենի մարդու մասնավոր կյանքի միջամտություն է:

Էդվարդ Սնոուդենը մայիսի 20-ին ժամանել էր Հոնկոնգ: