Բախումների և ցույցերի նոր ալիք է սկսվել Թուրքիայում: Պատճառը դեռևս 2013 թվականին Գեզիի դեպքերի ժամանակ վիրավորված և մահացած 19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազի գործով դատարանի կայացրած որոշումն է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demoakrathaber.net-ը:

 

Մայրաքաղաք Անկարայում կազմակերպված գործողությունների հետևանքով ոստիկանությունը ձերբակալել է 13 ցուցարարի: Վերջիններս բողոքի ցույցի ժամանակ բարձրաձայն հայտարարել են, որ շարունակելու են պայքարը դատավարության արդար արդյունքի հասնելու համար: Նրանք ասել են, որ թուրքական դատարանից իրենք արդարություն չեն էլ ակնկալում: Ցուցարարների համոզմամբ' արդարությունը կարող է հաստատվել հանուն իրավունքների մղած պայքարի արդյունքում:

 

Ցույցեր են տեղի ունեցել նաև Ստամբուլի Քադըքյոյ շրջանում: Այստեղ ևս բախում է տեղի ունեցել դատարանի որոշումը քննադատող ցուցարարների և ոստիկանության միջև: Իրավապահ մարմինների դեմ պայքարում ցուցարարները կիրառել են ինքնաշեն պայթուցիկներ:

 

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում 2013 թվականի հունիսի 2-ին բողոքի ցույցերի ընթացքում արցունքաբեր գազի կիրառումից հետո, երբ ցուցարարները փորձել են փախուստի դիմել, 19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազն անծանոթ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել և գլխուղեղի վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Մեկ ամիս տևած բժիշկների պայքարի արդյունքում նրա կյանքը փրկել չէր հաջողվել։

 

Թուրքական դատարանը Քորքմազի գործով հունվարի 21-ին որոշում էր կայացրել, համաձայն որի երկու ոստիկան դատապարտվել էին 10 տարի ազատազրկման, ևս երկու ոստիկանի ազատ էին արձակել անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով: