Թուրքիայում այսօր տիրող իրավիճակի միակ և հիմնական պատճառը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն է: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, նման տեսակետ հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք,որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Ստամբուլի կենտրոնում գտնվող Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել է 29 մարդ, ևս 166-ը՝ մարմնական տարբեր վնասվածքներերով տեղափոխվել հիվանդանոց:
«Նախևառաջ այդ ամենը կապված է Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետ: Այն, ինչ վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Էրդողանն ու նրա թիմը ցանել են, այն էլ հնձում են այսօր»,- ասաց նա:
Թուրքագետը չի բացառում սակայն, որ հնարավոր է՝ ահաբեկչություններն այլ բանի հետևանք լինեն. վերջին զարգացումները ևս մեկ անգամ փաստում են, որ դա հիմնականում կապված է Թուրքիայում քրդական հիմնախնդրի զարգացման հետ.
«2015 թվականից քրդական խնդրի զարգացումը թևակոխել է նոր փուլ և բռնել է բռնի ուժով հարցեր լուծելու ճանապարհը, ինչն էլ թույլ է տալիս կարծելու, որ քրդական հարցում թուրքական իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումը և ճնշումներ են գործադրում, որն էլ հանգեցրել է նման արդյունքի»,- նկատեց նա:
Գ. Պետրոսյանը շեշտեց, որ եթե հավատանք թուրքական մամուլին, ապա Ստամբուլում կազմակերպված պայթյուններն արդեն ստանձնել են քրդական կազմակերպությունները, ինչն էլ նման ենթադրությունների տեղիք է տալիս:
Իսկ թե ինչ նոր զարգացումներ կլինեն առաջիկայում, թուրքագետը նախ նկատեց, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին միջադեպն է, և հիմա դժվար է որևէ կանխատեսում անելը, սակայն թուրքական իշխանություններն այսուհետ ավելի կոշտ ու կոպիտ կլինեն, քան երբևէ. «Էրդողանն ավելի խիստ դիրքորոշում կցուցաբերի քրդերի վերաբերյալ ու ավելի լայնածավալ գործողություններ կսկսի քրդական խմբերի, ուժերի և կազմակերպությունների դեմ: Թուրքիայում նույնանման ահաբեկչություններ էլի են եղել և սա առաջին դեպքը չէ: Եվ այս դեպքում էլ տեսնում ենք, որ նախկինների նման թիրախ էին ընտրված ուժային կառույցները: Այսինքն՝ առաջնային թիրախ էր ոչ թե քաղհասարակությունը, այլ՝ ոստիկանները, իսկ դա նշանակում է, որ մշակված է եղել դետալային ահաբեկչություն և թիրախներն առաձնացնելը գրեթե անհնար է եղել, հետևաբար, ուժային կառույցների հետ տուժել են նաև քաղաքացիական անձինք»,- եզրափակեց նա:
Արմինե Եփրեմյան