Հովհաննես Այվազյան. Անցյալ տարի մի հարցազրույց ունեցանք, որտեղ դու դժգոհեցիր ինձնից, որ իմ տված բազմաթիվ հարցերից ոչ մեկը ստեղծագործական ազատության մասին չէր: Սխալս ուղղելու փորձ անելով' այս հարցազրույցն ուզում եմ ամբողջությամբ նվիրել այդ հարցին: «Ժամանակ կա, որ պիտի ապրես, և ժամանակ, որ վկայություն տաս ապրելու օգտին: Կա նաև ժամանակ, որ պիտի ստեղծագործես. մի բան, որ պակաս բնական է: Ինձ համար հերիք է, որ ապրեմ ամբողջ մարմնով և վկայություն տամ ամբողջ սրտով… Իսկ հետո կստեղծվի նաև արվեստի գործը: Հենց այստեղ է ազատությունը»: Այսպես էր ապրում, վկայում, գրում Ալբեր Քամյուն: Իսկ դո՞ւ… Ինձ, օրինակ, թվում է, թե ձեր մոտեցումները շատ նման են միմյանց:

Վրեժ Իսրայելյան. Լիարժեք ապրելու և լիարժեք վկայելու ազատությո՜ւն. սքանչելի է դիտարկված: Քչերին է վիճակված այդ շնորհը: Քամյուն դրանցից մեկն էր: Իմ պարագան այլ է' կիսատ-պռատ ապրել եմ, կիսատ-պռատ էլ վկայել. արդյունքում' երերուն գրականություն և նույնքան երերուն ազատության զգացողություն: Ինքը' Քամյուն էլ, չեմ կարծում, թե հասել է այն կատարելությանը, որի անունը ազատություն է: Հանճար ես թե շարքային' մեկ է. հասկանում ես, որ ազատությունը ձգտում է և ոչ' հանգրվան: Քամյուի «Օտարը» ինքը' Քամյուն էր, որ շնչահեղձ էր լինում ազատության քաղցից: Գրականությունը մարդու ազատատենչությունը գուրգուրող, առաջ մղող լավագույն միջոցն է: Կարճ ասած' ազատության պատրանքն է, իսկ նորին մեծություն ազատությունը այնտեղ էէ վերևո՛ւմ:

- Բայց կա նաև ներքին ազատությունը, որն ամենակարևորն է, երբ գրողը միաժամանակ իր գրաքննիչն ու իր խմբագիրը չէ: Դու միշտ ազատամիտ գրող ես համարվել, իսկ ծանոթներիդ շրջանում' նաև ազատամիտ մարդ: Ինչպե՞ս ես քո ներսում հաղթել գրաքննիչիդ ու մեջդ նստած խմբագրին: Եվ որքանո՞վ ես կարողացել հաջողել դրանում:

- «Գրաքննիչը» ինձ վախեցնում է, եթե դրսում է: Իմ մեջ ապրող «գրաքննիչին» ես սիրում եմ: Նա իմ ազատությանը չի սպառնում: Նա է, որ բառերի խառնարանից փնտրում-գտնում է այն բառը, որը պատմվածք մտնելու շնորհ ունի: Կարծեմ Ապոլիներն է ասել, որ քարը քար է, բայց երբ այն շարվում է եկեղեցու պատի մեջ, դառնում է սուրբ քար: Ապոլիները նկատի ուներ բանաստեղծության հյուսվածքի մեջ ապրող բառը: Գրողը սովորական մարդ է և երբեմն ուզում է իր մեջ կուտակված մաղձը փսխել: Իմ գրաքննիչը, որի անունը նույնպես Վրեժ է, չի թողնում, որ այդ մաղձը լցվի պատմվածքի մեջ: Արգելա՞նք է: Այո՛: Իսկ ով ասաց, որ ազատության մեջ արգելանք չկա: «Ազատություն» հասկացության իննսունինը տոկոսը պարտականություն է, մեկ տոկոսը' իրավունք:

- Քո հերոսներից մեկը' «Սոնա-11»-ը, որ ինքդ ես, այսպես է մենախոսում. «Հենակներս կտկտացնելով' գնում-գալիս եմ տան մեջ: Ոչ ոք ինձ չի խանգարում: Ես ազատ եմ: Իմ հենակներով խրվել եմ հայ ու թուրքի անվերջանալի, անհամ ու դողդոջուն այս պատմության մեջ: Որպես մարդ' ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում, բայց որպես հայ' նոր-նոր ձևավորվում եմ»: Հերոսդ' հենակներով, դու քո գրչով խրվել ես հայ ու թուրքի այդ պատմության մեջ: Քո թեման է դա: Ըստ էության' քո ամբողջ ստեղծագործությունն այդ մասին է: Այդ նյութը քեզ բռնեց մի անգամ, ու դու այլևս չկարողացար ազատվել դրանից:

- Հովհաննես ջան, «հայի ու թուրքի անվերջանալի, անհամ ու դողդոջուն այս պատմությունը» թեմա չէ, դա հիվանդություն է, որով տառապում ենք ամենքս. մեկի մոտ ցավն ուժեղ է, մյուսի մոտ' թույլ: Եթե մտածենք, որ անբուժելի հիվանդություն է, ցավը մեզ կսպանի: Երբեմն ցավը ուժ է տալիս, պետք է լցվենք այդ ուժով: Մարդիկ կան, ասում են' մոռանանք, որ ապրենք: Կարելի է նաև այդպես' մոռանում ես, որ մարդ ես ու ապրում ես անասունի պես:

- Որոշ գրողներ, օրինակ' Աղասի Այվազյանը, դժգոհում են (Ա. Այվազյանից ինքս եմ քանիցս լսել), թե դժվար է հայ ստեղծագործողի բանը, հայ գրողը չի կարող մինչև վերջ ազատ լինել, մասնավորապես հայ ու թուրքի հարաբերության հարցում: Ի՞նչ ես կարծում, դա խորհրդային ժամանակներում ապրած ու ստեղծագործած գրողի բարդո՞ւյթ է, երբ չէր կարող պարզ խոսել այդ նյութի շուրջ, թե՞ այսօր էլ նման խնդիր ունի հայ ստեղծագործողը:

- Հասկանում եմ Աղասի Այվազյանի մտահոգությունը. համաշխարհային ընթերցողին մեր ազգային ցավը հաճո չէ: Ըստ Այվազյանի' մեր ազգային ողբերգությունը մեզ բարդույթի մեջ է գցել: Բայց չէ՞ որ դա մեր կյանքն է: Գրողը ընթերցողին ասում է այն, ինչ ինքն է կամենում ասել, և ոչ այն, ինչ ընթերցողն է ուզում լսել: Նույն այդ համաշխարհային ընթերցողը հրեաների ողբերգությունը կուլ տվեց: Մեր անկարողությունը համաշխարհային ընթերցողի մեղքը չէ: Ասացի արդեն' ցավը երբեմն ուժ է տալիս:

- Մինչև ո՞ւր կարող է հասնել գրողի ազատությունը: Նա, արդյոք, առանձնաշնորհյա՞լ է, որ պիտի ասի իր մտքով անցած ամեն ինչ:

- Ազատությունը խելքիդ փչածը արտաբերելը չէ. ճիշտ բառը ճիշտ տեղում և ճիշտ ականջին արտասանելն է, նաև' ճիշտ պահին լռելն է: Վերջերս «պահանջարկ» բառի հաղթարշավ է սկսվել: Գրողին ասում են' պահանջարկ, նկարչին, ռեժիսորին, երգահանին ասում են' պահանջարկ: Ախր, ձեր հոր Աստծուն մեռնեմ, էդ երբվանի՞ց սկսեցիք սերը, ազատությունը, երջանկությունը, երգն ու գիրը պահանջարկի կապանքների մեջ առնել: Էդ զզվելի սերիալներով գլուխներս բռնաբարում են ու ասում' պահանջարկ: Համաձայն եմ. էդ դեպքում եկեք նարկոտիկ բաժանենք ժողովրդին. ի՞նչ է, պահանջարկ չկա՞: Կարծում ես' հարցից շեղվեցի՞... Ամենևին: Բանն այն է, որ նորօրյա կյանքի տերերը ուղղակիորեն և անուղղակիորեն մեզ փորձում են համոզել, որ ազատության պահանջարկ չկա: Գուցե իսկապե՞ս չկա:

- «Խորհրդային հասարակարգում… ազատությունն ավելի ապահով ապաստարան չուներ, քան պատմվածքը: Գրելն ինձ մի պտղունց ազատություն էր երաշխավորում… «Ազատություն» ասածի արժեքն այն ժամանակ մենք ավելի լավ էինք գիտակցում, սիրում և փայփայում էինք այդ շնորհը, տիրություն անում նրան: Ցավոք սրտի, այսօր ազատությունը տեր չունի, անտեր ջրի պես հոսում է' հաճախ վերածվելով ցեխաջրի: Ազատության այդ ցեխաջրի մեջ ինչ ասես կգտնես, նույնիսկ չընթերցվող պատմվածք»: «Տոնապետ» գրքիդ ընթերցողին ուղղված խոսքիդ այս հատվածից այն տպավորությունը կարելի է ստանալ, թե դու խորհրդային ժամանակներում դժգոհ ես եղել անազատությունից, այսօր' ազատության ավելցուկից: Այսպե՞ս է, արդյոք: Խնդրում եմ որոշակիացնես. ի՞նչ է նշանակում' «ազատությունը… անտեր ջրի պես հոսում է»:

- Ազատության թյուրըմբռնումը տանում է դեպի խելագարություն: Ազատություն և օրենք. թվում է, թե հակասական հասկացություններ են: Պետք է պարզ խոսենք' մեր ուզածն ի՞նչ է. թռչնի և կենդանո՞ւ ազատություն, թե՞ բանական մարդու ազատություն, որն ավելի ապահով պահապան, քան օրենքն է, չունի: Այն երկրներում, որտեղ օրենքները ոտնահարվում են, ոտնահարվում է նաև ազատությունը: Այնպես որ, սիրելի Հովհաննես, ազատության ավելցուկ չի լինում, լինում է ցեխաջուր:

- «Ազատություն եմ փնտրել. կամ գտել եմ, կամ ոչ»,- ասում ես դու քո նույն նախաբանում: Ի՞նչ տեսքով է այն քեզ պատկերանում, ո՞րն է այդ ազատության վիճակը:

- Արդեն ասացի, որ ազատությունը ձգտում է և ոչ թե հանգրվան: Մարդը կարող է լինել ստրուկ' պարտադրանքով և թագավոր: Այս երկուսից նա, ում մեջ ազատության ձգտումը մեծ է, կարող է կոչվել ազատ մարդ: Իշխանության մոլուցքի մեջ մեռնում է ազատությունը և, ցավոք սրտի, այլևս չի վերականգնվում: Մարդու ազատությունը ես այլ բառով կկոչեի' արժանապատվություն:

Աղբյուրը՝ «Հայացք» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն