Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մեկնարկած «Արի տուն» ծրագիրն այս տարի նախատեսում է 900-1000 մասնակիցի այցելություն հայրենիք: «Արի տուն» ծրագրի նպատակն է հայրենաճանաչությունն ու հայրենասիրությունը սերմանել սփյուռքում ապրող մեր պատանիների մեջ, կրթել հայեցի և ավելի մոտեցնել նրանց նախնյաց ակունքներին:
Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի «Արի տուն» ծրագրի շրջանակներում երեխաներին սպասվում են հնգօրյա հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք շարունակվելու են ճամբարում, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ կլինեն մարմնամարզության ծրագրեր, մարզական մրցումներ, իսկ պատանիներին տեսարժան վայրերում կուղեկցեն էքսկուրսավարները, ովքեր մոտիկից կծանոթացնեն նրանց Հայաստանի տեսարժան վայրերին:
Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանից:
«Արի տուն» ծրագրի 5 տարիների աշխատանքի շնորհիվ է, որ ծրագրի և՛ մասնակիցների թիվը, և՛ աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել են, այժմ գրեթե բոլոր սփյուռքյան համայնքներից ունենք մասնակիցներ: