Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Յուրիկ Ղուկասյանի գործի դատավարությունը: Այս մասին է գրում թերթը:
Ըստ մեղադրանքի' 27-ամյա Յուրիկը կենցաղային հարցերի շուրջ վիճել է 43-ամյա Կ.Այվազյանի հետ, բազմիցս հարվածել նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության ծանր վնաս:
Յ.Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Թերթը գրում է, որ տուժող Կ.Այվազյանը մեկ այլ գործով դատապարտյալ է և այս գործով ոչ թե գալիս, այլ բերվում է դատարան: 2012թ. հուլիսի 13-ի դատավճռով' նա մեղավոր է ճանաչվել պոռնկության մեջ երկու անձանց ներգրավելու, ընդ որում' նրանցից մեկի 18-ը դեռ չի բոլորել, նրանց' պոռնկությամբ վաստակած գումարներին տիրանալու համար և դատապարտվել ազատազրկման' 4 տարի ժամկետով:
Իսկ Յ.Ղուկասյանի գործով Կ.Այվազյանը տուժող է: Ինչպես գրում է թերթը, նա տվել է հակասական ցուցմունքներ' մեկ մեղադրելով Յ.Ղուկասյանին, մեկ էլ' իր պաշտպանության տակ առնելով նրան, թե իբր ինքը լոգարանում է ընկել, պարզապես Յուրիկը շատ խանդոտ է:
Նախկինում երեք անգամ դատապարտված Յուրիկը հերթական պատժի կրումից ազատվելուց հետո այցելել է ընկերոջ տուն, մտերմացել վերջինիս մոր հետ և շուրջ երեք տարի գտնվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ:
Ըստ դատավճռի' դեպքի օրը' 2011թ. դեկտեմբերի 10-ին' ժամը 18 :00-ի սահմաններում, Յ.Ղուկասյանը այցելել է Կ.Այվազյանին, վիճաբանել նրա հետ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով էլեկտրական վառարանով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել Կ.Այվազյանի մարմնի տարբեր հատվածներին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Յ.Ղուկասյանին մեղավոր է ճանաչել' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման' 3 տարի 6 ամիս ժամկետով:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 19.06.2013թ. համարում: