«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային Ֆրանս 24 հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի՝ վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է՝ «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:
Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը մնում է փաստ:
Մինչ օրս հարցազրույցի այդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրվել, ուստի միանշանակ կերպով պետք է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ: Այդ դիրքրոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլևս պատրաստ են հանձնելու Արցախը:
Ասվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ԼՂՀ արտգործնախարաըը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի»:
Այս երևույթի հիմնական պատասխանատուն հայաստանյան հանցավոր վարչախումբն է, որն իր կառավարումը երկարաձգելու համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բարեհաճությունն ստանալու նպատակով պատրաստ է նույնիսկ բացահայտ կերպով ուրանալու ազգային շահը:
Բնավ պատահական չէ, որ վարչախմբի ներկայացուցչի այս արարքը համընկնում է Արցախի հարցի կարգավորման համատեքստում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հերթական ակտիվացմանը:
Նախախորհրդարանը մեր ժողովրդին զգոնության կոչ է անում և զգուշացնում է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում վտանգված է ոչ միայն Արցախը, այլև հայկական պետականությունն առհասարակ:
Նման անփառունակ հեռանկարից խուսափելու համար Նախախորհրդարանը մեր ժողովրդին հորդորում է օր առաջ համախմբվել ու միանալ ազգային-ազատագրական պայքարին, ինչի շնորհիվ մենք ոչ միայն կարող ենք հաղթահարել օտար ուժերից նորգաղութային կախյալությունը և ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետությանը Արցախի վերամիավորման գործը, այլև կառուցել հզոր ու ինքնիշխան հայկական պետություն: