Վերահսկիչ պալատի նախորդ տարվա հաշվետվությունը, ինչպես արդեն հրապարակել էին, ԱԺ-ում բուռն քննարկման և խիստ քննադատության ենթարկվեց: Խիստ քննադատություններ հնչեցրին ոչ միայն ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, այլև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչո՞վ է պայմանավորված իշխանական թևի ներկայացուցիչների քննադատական ելույթները, արդյո՞ք դրանք քաղաքական շոու չեն: Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:
«Եթե մենք փորձենք դատել ՎՊ-ի տված կցկտուր տվյալներով, ապա գնահատականը, որը կարելի է հենել հենց ՎՊ-ի հաշվետվությունների վրա, մոտավորապես հետևյալն է' երկու միլիարդ դոլարից մոտ կես միլիարդ դոլարը թալանվում է: Դա ասում եմ բացահայտված տվյալները, այսինքն ամենաճշգրիտ գնահատականը տրվել էր չորս տարի առաջ տրված հաշվետվության մեջ, որտեղից կարելի էր այդ եզրակացությանը հանգել»,- իր գնահատականը այսպես է սկսել Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ այստեղ կարևոր է խոսել հատկապես այն հանգամանքի մասին, որ խոսքը գնում է պետական բյուջեի թալանի մասին, ընդ որում՝ արդեն իսկ հավաքված պետական բյուջեի:
«Հայաստանի քաղաքական ղեկավարության հարստացման հիմնական միջոցը ոչ թե դա է, այլ այն միջոցները, որոնք չեն մտնում պետական բյուջե, որովհետև կա արտոնյալների մի խումբ, կա օլիգարխների մի խումբ, օլիգարխներ՝ սկսած Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից և այլն, ովքեր ունեն բիզնեսներ, արտոնություններ, ունեն բազմաթիվ սեփականություններ, որոնք ազատված են հարկերից»,- մեզ հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավորը: Վերջինս հայտնել է, որ նրանք իրենց իշխանությունը չարաշահել են սեփական հարստացման համար: Այս ամենը նշանակում է, որ պետական բյուջեի թալանը ընդամենը թալանի մի փոքր մասն է, իսկ մեծ մասը այն միջոցներն են, որոնք բյուջե չեն մտնում: «Եթե մենք լինեինք նորմալ երկիր, որտեղ բյուջեն չթալանվեր, ապա ՀՆԱ-ի աճը պետք է շատ ավելի մեծ լիներ, քան ներկայացվում է հիմա: Նշանակում է, որ ՀՆԱ-ի մոտավորապես 20-25 տոկոսը այն գումարներն են, որոնք ընդհանրապես չեն մտնում բյուջե»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Այս ամենը նա որակել է խայտառակություն, իսկ միակ լավ զարգացումը, ըստ Լևոն Զուրաբյանի, այն է, որ այս ամենի մասին ՀԱԿ-ի մուտքով խորհրդարան սկսել են բացահայտ խոսել: «Սա, տեսնում եք, թե ինչ ջղաձգումներ է առաջացնում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մոտ: Առաջ թալանում էին և ներկայանում էին ժողովրդին որպես պատկառելի, սոլիտ, պետական մտածելակերպ ունեցող մարդիկ, հիմա այդ հաճույքից զրկվել են. թալանում են, և ողջ ճշմարտությունը ասվում է նրանց երեսին, և ամբողջ ժողովուրդը դրա մասին գիտի»,- ասել է նա:
Այս ամենը, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, արդեն իսկ նախադրյալներ է ստեղծում, որ ՀԱԿ-ը կարողանա իր հաջողությունները զարգացնել և գնալով կանգնեցնել այս ռեժիմը մի իրողության առաջ, երբ որ իրենք արդեն ստիպված պետք է լինեն կորցնել իրենց դիրքերը:
Փայլակ Ֆահրադյան