Այսօր Գյումրու ավտոբուսային պարկը թարմացվեց 10 նոր՝ չինական արտադրության ավտոբուսներով: Քաղաքի Կենտրոնական հրապարակում այդ առիթով միջոցառում էր կազմակերպվել, ելույթով է հանդես եկել քաղաքապետարանի փողային նվագախումբը, որից հետո շահագործվել են նոր ավտոբուսները: Առաջին ուղեվորները եղել են Գյումրու քաղաքապետը, քաղաքապետարանի տարբեր բաժինների պետեր, աշխատակիցներ եւ նաեւ լրագրողները: Շրջայց է կատարվել քաղաքում, որի ընթացքում Սամվել Բալասանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: ԳԱԼԱ-ի լրագրողը նախ հարցրել է, թե երբեւէ Սամվել Բալասանյանն օգտվե՞լ է քաղաքային տրանսպորտային հին միջոցներից, որոնք ֆիզիկապես մաշված էին եւ երթեւեկության կազմակերպման համար գրեթե ոչ պիտանի. «Գազել նստել եմ շատ շուտ, իսկապես շատ անհարմարավետ է, մանավանդ ինձ համար, հիմա քաղաքացիների դրության մեջ մտնում եմ այդ պատճառով էլ որոշեցի փոխել տրասպորտը»,-ասել է Սամվել Բալասանյանը:
Իսկ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել տրանսպորտային միջոցները, ներդրումները քաղաքի բյուջեից են, թե՞ այլ տարբերակ կա'մեր լրագրողի այս հարցերին Սամվել Բալասանյանը պատասխանել է այսպես. «Ես խոստացել էի, ինչ-որ տեղ հորդորել եմ, որ լինեն այս ավտոբուսները, ավելի կոնկրետ' գարեջրի գործարանով ենք ոնց որ ձեռք բերել, հանձնել ենք համապատասխան կազմակերպությանը, որը պետք է շահագործի»,-ասել է Գյումրու քաղաքապետը:
Ու քանի որ ներկայումս քաղաքում շահագործվող միկրոավտոբուսային որոշ երթուղիների գծատերեր համարվում են նախկին քաղաքապետի կողմնակիցներն ու բարեկամները, Սամվել Բալասանյանին հարցրել ենք նաեւ, թե արդյոք նոր ավտոբուսների ներմուծմամբ փորձ է արվում ազատվել միկրոավտոբուսային գծերից. «Ես չգիտեմ' ով ինչ գիծ ունի, եւ ով ինչ գծատեր է, թող իրենք էլ փոխեն, եթե կան այդպիսի մարդիկ, որոնք գծեր ունեն, ես կհորդորեի, որ իրենք նույնպես ավտոբուսներ բերեն եւ գան համապատասխան մրցույթների մասնակցեն, շահեն, էստեղ ուղղակի հարմարավետության խնդիր կա»,-նշել է Սամվել Բալասանյանը:
Հերմինե Մկրտչյան