Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԼՀ մաքսային ծառայության միջև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի և գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԼՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության և ԼՀ բնապահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո, Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահի հետ ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել նաև լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիևիչի հուշատախտակին: Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման-հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին ևս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29-ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը:
Հանրապետության Նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի օծման արարողությանը ևս:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան կմասնակցեն հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:
Ավելի ուշ ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից կտրվի պաշտոնական ընթրիք: