Բոննում Իշխան Զաքարյանին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բարձրագույն Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Դիտեր Էնգելսը, ով ղեկավարում է Գերմանիայի արտաքին պետական վերահսկողական ողջ համակարգը:

Իշխան Զաքարյանն ու Դիտեր Էնգելսը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է փորձի փոխանակում, համատեղ ստուգումներ և ուսումնասիրություններ: Առաջիկա տարիներին համագործակցությունն ուղղված է լինելու, մասնավորապես, շինարարության և պետական գնումների համակարգի ուսումնասիրմանն ու վերլուծմանը:

Կողմերը նշել են, որ վերահսկողության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են բավականին կայուն և ժամանակն է' համագործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու:

Ի.Զաքարյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 26-ին կմեկնի Հեսսենի երկրամաս, որտեղ գերմանացի գործընկերների հետ կքննարկվեն ճանապարհաշինության վերահսկողության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ու չափագրման մեթոդների կիրառման խնդիրները:

Այցի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությանն ուղեկցում են Գերմանիայի տնտեսական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները: