Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը պատրաստվում է Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկել ՀՀ գլխավոր դատախազի որոշումը:
Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նախընտրական ժամանակահատվածում, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն' Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագրի հետ կապված:
«ՀԱԿ-ը դիմել էր գլխավոր դատախազին' քրեական գործ հարուցել' պարզելու, թե Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքի հայտարարգերում որտեղից են առաջացել այդ տարօրինակությունները, երբ մի քանի տարի առաջ Տարոն Մարգարյանը' հայտարագրել է իքս քանակի ունեցվածք, իսկ 2013-ին արդեն հայտարարագրել է մի քանի անգամ իր ունեցվածքը գերազանցող անշարժ ու շարժական գույք, նաև գումար, այն պարագայում, երբ որ նա չի տիրապետել այդպիսի եկամուտների: Ամեն դեպքում հայտարարագրից ակնհայտ չի, թե ինչ ծագում ունի նրա այդ ունեցվածքը: Գլխավոր դատախազը դա մակագրել էր ՀՔԾ-ին, որից մենք պատասխան ստացանք, որ իբրև թե դա չի համապատասխանում հանցագործության մասին հաղորդման սահամանված չափանիշներին»,- ասել է Արմեն Խաչատրյանը:
Կոնգրեսի ներկայացուցչի խոսքով այդ պատասխանը Կոնգրեսը բողոքարկել էր գլխավոր դատախազին, որից հետո մոտավորապես 10-12 օր առաջ գլխավոր դատախազությունից ստացել են պատասխան, համաձայն որի Կոնգրեսի բողոքը գլխավոր դատախազին, իբրև թե անհիմնէ և այդ պատճառաբանությամբ այն մերժվում է:
Լիլիթ Թադևոսյան