Nrnak.com. Հայաստանի զինդատախազ Գևորգ Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը քննության արդյունքում չի բացառել որևէ զարգացում:
Նախօրեին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարարության քննչական վարչությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու պահանջի վերաբերյալ որոշման կայացումը: Բուդաղյանի եղբայրը' հունիսի 1-ի երեկոյան Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը քրեական գործով արդեն իսկ ճանաչվել է որպես տուժող:
«Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու միջոցը հետաձգվել է: Որպեսզի որոշվի, որ անձը հանցագործության արդյունքում տուժել է, այսինքն իրեն պատճառվել է ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս, իսկ այս դեպքում մասնավորապես, դեռևս անհրաժեշտ են բազմաթիվ դեռևս քննչական, դատավարական գործողություններ: Համապատասխան փորձաքննության արդյունքների և այլ ապացույցների համադրության արդյունքում միայն հնարավոր կլինի հստակեցնել գործին մասնակից յուրաքանչյուր անձի դերը, նշանակությունը»,- Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու մասին հարցին ի պատասխան ասել է Գևորգ Կոստանյանը:
Դեպքի առթիվ, հիշեցնենք, երկու անձի' Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդուն և 25-ամյա թիկնապահին Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներ են առաջադրված: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են:
Զինդատախազը դեպքից անմիջապես հետո հայտնի տեսանյութի տարածումից հետո հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ տեղի է ունեցել զինված հարձակում կոնկրետ անձի կողմից, ապա փոխհրաձգություն, իսկ շարժառիթները այժմ ճշտվում են, ըստ երևույթին նկատի ունենալով Բուդաղյաններին: Ուստի «Ազատություն» ռադիոկայանը փորձել է Գևորգ Կոստանյանից ճշտել, հնարավո՞ր է անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում Արտակ Բուդաղյանը ընդգրկվի որպես մեղադրյալ. - «Ամեն ինչ հնարավոր է: Իրավական գնահատականներին կանդրադառնանք հաջորդիվ»,- ասաց զինդատախազը:
Գևորգ Կոստանյանը չի պատասխանել այն հարցին, թե «զինված հարձակման» վերաբերյալ իր կարծիքն արդյո՞ք շարունակում է մնալ ուժի մեջ: Իսկ այն դիտարկմանը, թե Բուդաղյանների պաշտպանական կողմը քննադատում է իրեն' նման կարծիք հնչեցնելու համար, զինդատախազը հակադարձել է. - «Ես հարգում եմ ցանկացած կարծիք: Իրավական առումով ցանկացած քննադատությանը և քննադատության պատասխանները իրենք կտեսնեն քրեական գործում, համապատասխան որոշումների մեջ»: