Որոշվել է, որ լոնդոնյան «Սիթի» բանկի կողմից վճարված տուգանքները կօգտագործվեն Աֆղանստանում մահացած բրիտանացի զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնելու համար:
Այս մասին այսօր Աֆղանստանի հարավում գտնվող Հելմենդ ռազմաբազա կատարած այցելության ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, գրում է Tert.am-ը հղում տալով ИТАР-ТАСС-ին:
«Մենք որոշում ենք կայացրել Ազգային հուշարձանային կենտրոնում տեղադրել Աֆղանստանում մահացածներին նվիրված հուշարձան»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Նրան ուղեկցող պաշտոնական անձիք մանրամասնել են, որ 500.000 դոլար արժողությամբ ծրագիրը կֆինանսավորվի տուգանքների հաշվից, որոնք բանկերը պետք է վճարեն կատարած խախտումների համար:
Վարչապետը նաև նշել է, որ Հելմենդի տարածքում գտնվող զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած զինվորների անունները պարունակող Պատը կտեղափոխվի Անգլիա: Այն կօգտագործվի ապագա հուշարձանի կառուցման ժամանակ:
Մեծ Բրիտանիան 2001 թվականից Աֆղանստանում կորցրել է 444 զինծառայող: