Ներկայացնելով իր ղեկավարած նախարարության բացատրությունները Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ' ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ 2012 թ. կրթության և գիտության նախարարությունն ամենաստուգված և ուսումնասիրված նախարարություններից է եղել. ստուգվել է 4 լայնածավալ և խոշոր ծրագիր' ավագ դպրոցների, դպրոցներում ինտերնետի մատակարարման, Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Կրթության որակ և համապատախանություն» վարկային և Եվրամիության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության ոլորտին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: «Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված ստուգումների արդյունքների զգալի մասը մեր կողմից ընդունվել է և օգտակար եմ համարել դիտողությունները, որոնք ստացել ենք ՎՊ-ի մասնագետների կողմից: Մյուս մասի վերաբերյալ ունեցել ենք առարկություններ, և մեր առարկություններն ու բացատրությունները ՎՊ-ին են ներկայացվել զեկույցն ստանալուց անմիջապես հետո:
Մենք առիթ ենք ունեցել նաև մամուլում խոսել այդ մասին, ինչպես նաև ԱԺ-ի ամբիոնից նույնպես որոշ խնդիրների պարզաբանումներն ենք տվել»:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ արձանագրված խնդիրները ֆինանսական, վարչարարական, ընթացակարգային և մեթոդաբանական բնույթի են, և այս առումով անտեղի համարել կրթության և գիտության նախարարության պատասխանատվության ոլորտում չարաշահումների մասին հայտարարությունը:
Նախարարը հակիրճ անդրադարձել է արձանագրված խնդիրներին: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ստուգվել են 4 շինարարական օբյեկտներ, 4 քոլեջներ. հայտնաբերվել են որոշ խախտումներ: «Ընդհանուր առմամբ խնդիրների ծավալը չի գերազանցել նախահաշվարկային ծավալի 1.5-2 տոկոսը, և 4 կազմակերպություններից 3-ը համաձայնվել են ՎՊ-ի դիտարկումների հետ, և այդ գումարները վերականգնվել են պետական բյուջե», -ասել է Ա.Աշոտյանը