HayNews.am-ի հարցազրույցը ՀՀ շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն պետ Լևոն Խալիկյանի հետ։
-Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել տեսչության կողմից' ապրանքի որակի հետ կապված:
-Մեր տեսչությունն իրականացնում է ստուգումներ, որոնց թիրախ են հանդիսանում հիմանականում այն ապրանքները, որոնք մարդու կյանքին, առողջությանը կարող են վտանգ սպառնալ: Ստուգումների ցանկը հաստատվում է կառավարության կողմից և տեղադրվում է մեր կայքում: Դա նշանակում է, որ մենք հստակ աշխատում ենք մեր ծրագրով, և տնտեսվարող սուբյեկտը նախօրոք կարող է մտնել մեր կայք և տեղեկանալ ստուգումների իրականացվելու են, թե ոչ: Տեսչությունը վերցնում է նաև փորձանմուշ, որը հանձնվում է լաբորատորիա, և լաբորատորիայի փորձարկման հիմքի վրա ստանում ենք պատասխան' այն համապատասխանում է ազգային ստանդարտներին, թե ոչ: Չհամապատասխանելու դեպքում ապրանքի ամբողջ խմբաքանակը կասեցվում է և դադարեցվում է վաճառքը, տնտեսվարողը իր միջոցների հաշվին տեղեկացնում է սպառողին թերթերի և կայքերի միջոցով: Այս տարի եղել է երեք դեպք կապված խաղալիքների, մանկական տակդիրների և կանացի հիգիենայի միջոցների հետ կապված:
-Տնտեսվարողները տեղյա՞կ են կատարվելիք այցերի ժամկետների մասին: Դա չի կարող նպաստել, որ թաքցվեն եղած թերությունները:
-Տնտեսավարողը կարող է պատրաստվել, մեր նպատակը տուգանելը չէ, այլ այն, որ սպառողը լինի պաշտպանված: Եթե կա 300-ին մոտ կազմակերպություններ, որոնց նկատմամբ մենք պետք է ստուգումներ իրականացնենք, մենք շատ ուրախ կլինենք, եթե իրենց մոտ խախտում չհայտնաբերենք, և սպառողը մտնելով խանութ' գնում կատարելու, ապահոված լինի կեղծիքից: Տեսչությունը ցանկացած ոլորտում ստուգում կատարելուց առաջ անցկացնում է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ: Վերջին հանդիպումը եղել է ոսկու ոլորտի կազմակերպիչների հետ: Իրենց հետ հանդիպմանը ներկայացվել է, որ մեկ ամսից սկսվելու են ստուգումները, տրամադրվել է օրենքը, և նշվել, որ տեսչությունը պատրաստ է ցանկացած հարցի դեպքում օգնել թերությունները վերացնելու նպատակով: Հանդիպումը բավականին արդյունավետ անցավ: Ստուգումներից հետո մենք հայտնաբերեցինք մեկ երկու խախտումներ, ինչը համարում եմ ձեռքբերում: Սրանով ստեղծվում է առողջ մրցակցային դաշտ: Այսինքն' եթե բոլորը շուկայում աշխատում են օրենքի տառին համապատասխան, մրցակցությունն ավելի առողջ է: Բնական է, որ շատ անելիքներ դեռ կան:
-Որքանո՞վ է քաղաքացին վստահում տեսչությանը:
-Եթե նախկինում տեսչությունը ստանում էր միայն դիմում-բողոքներ, ապա այսօր ավելի շատ քաղաքացիների կողմից շնորհակալություն հայտնող նամակներ կան: Դա համարում եմ իրոք մեծ ձեռքբերում: Մենք փորձել ենք փոխել մտածելակերպը, թե մեր տեսչության, թե մեր քաղաքացիների, թե մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ:
Եթե նախկինում շատ էին լինում դեպքեր. ըստ որի՝ մտել են խանութ, ապրանքը չի փոխանակվել, ապա այժմ թե քաղաքացիներն են ավելի տեղեկացված, թե տնտեսվարողներն են հակված խնդիրները լուծել: Սպառողներից շատերը սկսել են քաջ գիտակցել, թե որ ապրանքներն են ետ ընդունվում, որոնք ' ոչ:
-Գլխավոր պետական տեսուչը՝ օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերը կարո՞ղ է ուղարկել դատարան: Քանի՞ գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին:
-Այս ամիս եղել է մեկ դիմում-բողոք, որը մեր գործառույթի հետ չէր առնչվում, բայց մեր իրավաբանների կարծիքով՝ այդ դիմում-բողոքը հիմնավոր էր, և այն ուղարկվել է համապատասխան մարմին: Մեզ առնչվող դեպքերում դատարան է ուղարկվում այն դեպքում, երբ չի կատարվում տուգանքի վճարում, սակայն 99% դեպքերում ժամանակին կատարվում է վճարումը:
-Բենզինի շուկայում ի՞նչ իրավիճակ է:
-Բենզինի հետ կապված շատ են ասում, թե լինում են դեպքեր ջուր խառնելու հետ կապված. անհնար է բենզինի հետ ջուր խառնելը: Տարվա սկզբում շատ դիմում-բողոքներ էին լինում հատկապես մակնշման հետ կապված, երբ «ռեգուլյար» բենզինը մակնշված էր լինում որպես «սուպեր»: Նախորդ տարի 500 բենզալցակայաններում ստուգումներ են իրականացվել: Եղել են չափագիտական և մակնշման հետ կապված խախտումներ, և այս տարի նշեմ, որ այդպիսի խախտումներ գրեթե չկան: Խախտում հայտնաբերելիս տեսչությունը կասեցնում է տնտեսվարողի գործունեությունը, մինչև խախտումը կվերացվի: Տեսչությունն ունի երկու շարժական լաբորատորիա, որոնք էլ առանց մարդկային գործոնի որոշում են բենզինի որակը մեկ ժամում: Ջուր հնարավոր չէ խառնել, քանի որ նրանք տարբեր զանգվածներ ունեն:
-Գազի վերաբերյալ քաղաքացիները հայտնում են, որ օդ են խառնում, այլ միջոցների դիմում:
-Գազի հետ կապված նույն իրավիճակն է, այստեղ ճնշման խնդիրն է: Բոլոր վարորդներին հորդորում եմ օգտվել բաշխիչ աշտարակներ ունեցող գազալցակայաններից:
-Որո՞նք են ռիսկային ապրանքները, ինչ քայլեր են կատարվում այդ ապրանքները պաշտպանելու ուղղությամբ:
-Ռիսկային ապրանքներ են համարվում առաջին հերթին երեխաներին առնչվողները: Այդ ապրանքների հետ կապված խնդիրներ են առաջանում հատկապես սեպտեմբեր ամսին և Ամանորի ընթացքում, քանի որ սեպտեմբերին դպրոցի հետ կապված մանկական ապրանքներ շատ են սպառվում, իսկ Ամանորին շատերը փորձում են ինչ-որ բան բերել, վաճառել: Միշտ հորդորում ենք մեր քաղաքացիներին խաղալիք գնելու դեպքում դա անել մասնագիտացված խանութներից և պետք է հարցնեն՝ խաղալիքը արտոնագիր ունի, թե ոչ: Սակայն եթե գնել եք անցումի տակից, կամ այլ վայրից, առանց ՀԴՄ-ի, արտոնագրի, բնական է, որ ռիսկի եք ենթարկում ձեր երեխային: Մենք ստուգումներ կատարում ենք, սակայն եթե Ամանորին անցումի տակ, ձեռքի վրա փորձեն վաճառել. ռիսկն ավելի շատ կլինի:
Տարեցտարի խախտումներ նվազում են: Մենք ունենք մոնիթորինգի բաժին, որը զբաղվում է շուկայի ուսումնասիրությամբ, մամուլի հրապարակումներով: Մեզ համար առաջնայինը մարդու կյանքին, առողջությանը վտանգ հանդիսացող ապրանքների հայտնաբերումն ու շուկայից հեռացումն է:
-Այս տարի թվով 70 ստուգումներ են իրականացվել: Ի՞նչ արդյունքներ են գրանցվել:
-Վերջին մեկ ամսում ստուգվել են երեք կոշիկի խանութ, հայտնաբերվել է խախտում հայերեն մակնշման վերաբերյալ: Ստուգվել է երկու առևտրի կենտրոն, այնտեղ ևս նույն խնդիրն է եղել, ինչպես նաև սերտիֆիկատի բացակայություն: Երեք բենզալցակայան է ստուգվել, որոնցից միայն մեկում է հայտնաբերվել խախտում: Բժշկական կենտրոններ են ստուգման ենթարկվել, որոնցում հայտնաբերվել են խախտումներ ստուգաչափման վկայագրերի հետ կապված. այդ խախտումները ևս վերացվել են:
-Ի՞նչ հիշարժան դեպքեր են եղել պրակտիկայում խախտումների մասով:
-Դեպք է եղել, երբ քաղաքացին լինզաներ է պատվիրել, և այն չի համապատասխանել, այդ դեպքում փոխարինվել են լինզաները: Մեկ այլ դեպքում սպան գնել էր հեռախոս այստեղից, գնացել էր ԼՂՀ' իր աշխատանքի վայր, հեռախոսը չի աշխատել, մեզ է դիմել, բջջայինը փոխարինվել է և ուղարկվել ծառայության վայր: Կեղծամի հետ կապված խնդիր էր եղել, դիմել էին: Լուծում ստանալուց հետո շնորհակալական նամակ էին ուղարկել տեսչությանը: Մեկ այլ դեպքում էլ քաղաքացին գրել էր դիմում-բողոք, ըստ որի՝ գնել էր կոշիկ, այն ցավացրել էր ոտքը, սակայն խանութում իրեն մերժել են փոխարինել ապրանքը, խնդրել էր մեր միջնորդությունը: ՀՀ օրենքով եթե գնում եք որևէ ապրանք և չեք փչացրել նրա վաճառքի տեսքը, կարող եք 14 օրվա ընթացքում փոխանակել ապրանքը: Կան ապրանքներ, որոնք բնական է, որ չեն կարող փոխանակվել: Մարդ կա, որ զանգահարել էր և ասել, որ գնել է մարզման համար նախատեսված սարք մոտ մեկ տարի առաջ, և խնդրում էր փոխանակել այն, քանի որ չէր նիհարել: Բնական է' հրավիրում ենք մեզ մոտ, բացատրում, որ հավանաբար դա սարքից չէ: Մեկ այլ դեպքում քաղաքացին գնել էր վազքի համար նախատեսված սարք, սակայն կես տարի հետո չէր նիհարել, գրել էր, որ չի նիհարել, և ցանկանում է փոխել, սակայն դա մեզ հետ չի առնչվում:
Վերջում անդրադարձ կատարվեց վերջերս մամուլում աղմուկ բարձրացված հրապարակումներին, ըստ որոնց տեսչության պետի կողմից աշխատանքային այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ տեսչության մի շարք աշխատակիցներ ստիպված են եղել դիմում գրել և հեռանալ։ Հրապարկման համաձայն, Լևոն Խալիկյանը պահանջել է մեկ ստուգումից տուգանք բերել 1 միլիոն դրամ և դրանից ավել չափով: Նշվածի վերաբերյալ տեսչության պետն ասաց.
-Ես աշխատում եմ այս պաշտոնում 1.5 տարի։ Տեսչությունն իր ամբողջ գործունեության ընթացքում պետական բյուջե է գանձում իրականացրել լավագույնը 7 միլիոն դրամ' կատարելով 500 ստուգում։ Մեր գալուց հետո իրականացվել է 287 ստուգում, որի արդյունքում գանձվել է 57 միլիոն դրամ: Ստացվում է ավելի քիչ ստուգումներով ավելի շատ արդյունք ենք գրանցել։ Բնական է'իմ կողմից աշխատանքի նոր պահանջներ են առաջադրվել։ Մարդիկ կան, որոնք որոշ չափով դժվար են մերվում այս ամենին։ Հնարավոր է' նախկինում ինչ-որ մեկը սովոր է եղել աշխատանքի գալ ժամը 10-ին, ապա հիմա կարող եմ վստահ ասել, որ այս 1.5 տարվա ընթացքում դա բացառված են։ Աշխատանքից դուրս եկող չի եղել, որովհետեւ չեն բավարարվել իրենց ներկայացրած դիմումները, բոլոր դիմում ներկայացնողներն իրենք իրենց դիմումները հետ են վերցրել։ Նրանք 9 հոգի են, և խորհուրդ եմ տալիս նրանց հետ ևս զրուցել։ Այժմ փոխվել են աշխատանքի պահանջները։ Եթե պահանջ կա, որ աշխատանքը պետք է կատարվի պատշաճ, իսկ աշխատողը չի ուզում համակերպվել աշխատաոճի փոփոխությանը, ապա դա իր խնդիրն է։ Տուգանքների հետ կապված նշեմ, որ դա շատ թափանցիկ համակարգ է։ Օրենքի համաձայն, երբ ստուգում է իրականացվում, տեսուչն ընդամենը կատարում է խախտում հայտնաբերելու ֆունկցիա։ Տուգանքն արձանագրելուց հետո մեր իրավաբանական բաժինը կազմում է ակտ, ակտը համաձայնեցնում է տնտեսվարող սուբյեկտի հետ, որից հետո այստեղ մենք նիստ ենք հրավիրում, որին կարող եք մասնակցել նաև դուք: Նիստին մասնակցում է տնտեսվարողը, բերում է իր փաստարկները, իր խախտումների հիմնավորումները, հայտնում է խախտումները վերացրել է, թե ոչ։ Այնուհետև նիստի ժամանակ էլ այս ամենից հետո որոշվում է տուգանքի չափը։
Նյութի վերաբերյալ այլ հրապարակում' Դիմումները հետ են վերցրել եւ աշխատում են. Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու են իր աշխատակիցները դիմումներ գրել
Արթուր Քաբայան