Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մ. Խորենացու փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ արհեստավոր է հրավիրել իր տուն, որը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողացել է իր պայուսակը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ իր տան սանհանգույցը վերանորոգող ոմն Վարդան կեսօրին մոտ իր բնակարանի խոհանոցից գողացել է պայուսակ, որի մեջ եղել է իր անձնագիրը, բնակարանի բանալիները, հարդարանքի պարագաներ, փաստաթղթեր և 2 դրամապանակ՝ կանխիկ գումարով' պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1961 թ. ծնված Վարդան Ա.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: