Irakan.info. Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը երեկ yerkir.am-ին ասել էր, թե նախագահը ոմանց նկատմամբ խիստ է լինելու, չնայած այսօր էլ այլ կարծիք է հայտնել' ասելով, որ կոշտ չի լինելու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:

Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ կասի երկրի նախագահը, սակայն այսօր հանրային լուրջ ու ծանրակշիռ պահանջ կա՝ կապված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ, հատկապես, եթե հաշվի առնենք Տ. Սարգսյանի՝ օֆշորային պատմության մեջ հիմնական դերակատար լինելու փաստի բացահայտումը:

Բանն այն է, որ շարքային քաղաքացուն առնվազն դուր չի գալիս, որ իր երկրի վարչապետը կարող էր օֆշորային ընկերություն գրանցել, մասնակցել փողերի լվացմանն ու կանխամտածված սնանկացմանը: Հետեւաբար, անկախ նրանից, թե վարչապետի թիմն ինչ կանխատեսումներ կանի այսօր, հասարակական լուրջ ու մեծ պահանջ կա. նախագահը պետք է արձագանքի օֆշորային այս պատմությանը, էլ չեն ասում' պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի: Իսկ քայլերից ամենասպասելին հենց վարչապետի հրաժարականն է:

Ընդ որում կապ չունի՝ որքանով է Տ. Սարգսյանը ձեռք տալիս Ս. Սարգսյանին, կարեւորն այն է, որ կա հասարակական մեծ պահանջ՝ Տ. Սարգսյանը պետք է հրաժարական տա, ու դա անգամ քննարկման ենթակա չէ: Չէ որ այլեւս օֆշոր ու Տ. Սարգսյան բառերն ավելի սերտ հոմանիշներ են, քան, օրինակ, վարչապետ ու տնտեսության գերեզմանափոր ասվածները:

Այնպես որ, որքան էլ անցանկալի լինի Տ. Սարգսյանի համար իր հրաժարական, շատ հավանական է, որ այս նիստում կքննարկվի հենց վարչապետի հարցը: