Lragir.am. Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է ստանան փոխհատուցում, Հայկական եկեղեցուն պետք է վերադարձվեն պահպանված եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները, Հայաստանը պետք է ստանա կորցրած տարածքները, հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրավաբանների համահայկական համաժողովի ժամանակ:
Նա ասել է, որ պետք է միջազգային փաստաթղթերի փորձաքննություն անցկացնել, որոնք վերաբերում են հայ ժողովրդին եւ նրա տարածքներին: Մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Անհրաժեշտ է պատրաստել փաստաթղթեր եւ ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան, ասել է նա:
2008-ին սկսած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր, Հայաստանը պաշտոնապես չի խոսել Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու մասին եւ հայտարարել է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների: Նման մոտեցումը աննպատակահարմար համարվեց Հայաստանում եւ սփյուռքում:
Ներկայիս Թուրքիան կառուցված է էթնիկ համայնքների պատմական տարածքների վրա, այդ թվում հայերի: Մինչեւ 1965 թվականը Խորհրդային Հայաստանը նույնիսկ չէր հիշատակում ցեղասպանությունը, իսկ 1991 թ. անկախանալուց հետո ձգտում էր չխոսել տարածքային պահանջների մասին:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր, թե պանթյուրքիզմը կորցրել է իր բովանդակությունը որպես քաղաքական գործոն, եւ «խաչակրաց արշավանքի» ցանկացած կոչ ունակ է այն կրկին վերածել այդպիսին, Հայաստանը դարձնելով թիրախ պանթյուքիզմի եւ պանիսլամիզմի համար:
2000 թ. ՄԱԿ-ի Հազարամյակի վեհաժողովում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտումը միայն ուժեղացնում է պատմական արդարությունը վերականգնելու մեր ձգտումը»:
Դա մինչ այժմ Հայաստանի պահանջների ամենաբարձր նշաձողն էր, ՄԱԿ-ի ամբիոնից: Սակայն գլխավոր դատախազի հայտարարությունն անցավ այդ նշաձողը. Հայաստանը փաստացի պաշտոնապես հայտարարում է Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մասին:
Հայաստանը փաստացի հրաժարվում է կատարել Թուրքիայի պահանջը՝ սահմանները բացելու դիմաց Ղարաբաղի մի մասը զիջել Ադրբեջանին: Չեք ուզում բացել սահմանները՝ մենք կգնանք այլ ճանապարհով, ասում են հայերը:
Ներկայում Թուրքիայի ղեկավարության համար բարդ ժամանակներ են: Քրդերի հետ հաշտությունը «սառել» է, Ասադը հաղթանակներ է տանում, Եգիպտոսում տապալվել է իսլամական կառավարությունը, ԱՄՆ եւ Իրանի միջեւ սպասվում է մերձեցում: Այս ֆոնին, Հայաստանի տարածքային պահանջները կարող են լրացուցիչ լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար, որն այդպես էլ չկարողացավ իրականացնել նեոօսմանիզմի դոկտրինը:
Արդյոք Հայաստանը գործընթաց է սկսելու Թուրքիայի դեմ, որը կմեկնարկի միջազգային պայմանագրերի բողոքարկմամբ, մասնավորապես՝ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի: Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Մոսկվայի պայմանագիրը չունի միջազգային իրավական ուժ (այդ պայմանագրով Ղարաբաղը եւ Նախիջեւանը բռնակցվեցին Ադրբեջանին, Մոսկվան ճանաչեց Թուրքիայի ներկայիս սահմանը Հայաստանի հետ), իսկ 1923 թ. Լոզանի պայմանագրով Կարսը չի մտնում Թուրքիայի կազմի մեջ: Փոխարենը, ուժը չի կորցրել Սեւրի պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմում են Վանը, Բիթլիսը, Էրզրումը եւ Տրապիզոնը:
Նաիրա Հայրումյան