ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել:
ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի եւ միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները:
Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները, եւ մենք ողջունում ենք Գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից կարճ ժամանակ առաջ հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել:
Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ:
Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որեւէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Hayastan24 կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից: