Հինգերորդ գումարման Ազգային ժողովի անցած երկու նստաշրջանների ընթացքում «Օրինաց երկիր» խմբակցությունը 2 տասնյակից ավելի նախագծեր է ներկայացրել ԱԺ, որոնցից մի քանիսն ամբողջությամբ ընդունվել են: Tert.am-ի հետ զրույցում մինչ արձակուրդի մեկնումը ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա ընդգծեց, որ կյանքի կոչված օրենքներից կարևորում է հատկապես «Գրադարանների մասին» օրենքի և «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար պարտականությունների մասին» օրենքի նախագծերի ընդունումը, որոնք շրջանառության մեջ են եղել 6 տարի շարունակ:
«Ես ամեն նստաշրջան մտածում էի, թե երբ պետք է կյանքի կոչվեն այդ նախագծերը: Կյանքի կոչեցինք նաև «Հաստատագրված վճարի շեմի բարձրացման մասին» օրենքի նախագիծը: Չկան այնպիսի նախագծեր, որոնք կարևոր չեն, ամեն մի նախագիծ, կարծես, մի բնագավառ, մի սոցիալական խնդիր է լուծում, մի սոցիալական շերտի է ծառայում»»,-ասաց նա:
Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ վերջին երկու նստաշրջանների ընթացքում առաջին ընթերցմամբ շրջանառության մեջ է դրվել է «Սննդի անվտանգության մասին» օրենքի նախագիծ, ըստ որի, կաթնամթերքի վրա պետք է պարտադիր նշվի, թե որն է կաթի հումքը: Նախագծերի մի մասն էլ դեռ ԱԺ դահլիճի դատին չի ներկայացվել, բայց դրանք ստացել են դրական եզրակացություն:
«Մոտ երկու տասնյակից ավելի նախագծեր ունենք, որոնք քննարկման չեն ենթարկվել: Ներկայումս մենք մի քանի նախագծերի վրա ենք աշխատում՝ մայրական կապիտալի մասին նախագիծ ունենք, բազմազավակ ընտանիքների և բազմազավակ մայրերի մասին: Ունենք նախագիծ առողջապահության ապահովագրության մասին, որ այս պահին աշխատում ենք: Շրջանառության մեջ ենք դրել «Գետնախնձորի մասին» նախագիծ, որով գետնախնձորի սերմի ներկրումը ազատված լինի հարկերից: Այն մեծ հումք է ծառայում շաքարախտի և այլ հիվանդություններ դեմ պայքարում»,-ասաց նա:
Հարցին, թե կա՞ն արդյոք «Օրինաց երկիր» խմբակցության կողմից մշակված օրենքի նախագծեր, որոնք չեն ընդունվել Ազգային ժողովի կողմից, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ ոչ, սակայն նշեց, որ կան նախագծեր, որոնց Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել՝ միաժամանակ հորդորելով շարունակել աշխատել նախագծի վրա:
Հեղինե Բիշարյանը նշեց, որ օրինակ՝ մշակել են մի նախագիծ, ըստ որի, մինչև 2 տարեկան երեխա ունեցող ոչ միայն աշխատող, այլ նաև չաշխատող մայրերը ստանան ամսական 18.000-ական դրա։
«Հիմա կառավարությունը բացասական եզրակացություն տվեց՝ նշելով, որ բյուջեն այդքան հնարավորություն չունի, որ հանրապետության բոլոր մինչև 2 տարեկան երեխաներին անխտիր, կարողանա գումար տալ»,- ասաց նա և ավելացրեց, որ ներկայումս նույն նախագծի շուրջ շարունակում են աշխատել՝ օրենքի շրջանակում ընդգրկելով մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերի, որոնք ներկայացնում են սոցիալական տարբեր շերտեր:
ՀՀ կառավարությունը նաև բացասական եզրակացություն է տվել «Ամուսնացող զույգերին միանվագ գումար տալու մասին» «Օրինաց երկիր» խմբակցության մշակած օրենքի նախագծին:
«Մենք առաջարկել ենք, որ ամուսնացող զույգը միանվագ ստանա 300 հազ. դրամ, ինչը 2008-ից ԼՂՀ-ում արդեն իսկ գործում է: Կառավարությունը պատճառաբանում է ֆինանսական դեֆիցիտը և առաջարկում է, որ զույգին այդ գումարը տրվի առաջին երեխային ունենալուց հետո: Սա իմ սրտով չէ, մենք նշել ենք, որ բոլորը չէ որ կարող են ստանալ: Պետք է ստանան նրանք, ովքեր առաջին անգամն են ամուսնանում»,-ասաց նա: