«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի նշանակելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, կարծիք հայտնեց, որ Վահե Հակոբյանը կլինի այն մարզպետը, որը կաշկանդված չի լինի Սուրիկ Խաչատրյանի հրահանգներով։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքն անձամբ չի ճանաչում Վահե Հակոբյանին, բայց նրանից բացասական ոչինչ չի լսել։ «Պարոն Հակոբյանի հետ անցած գումարման ԱԺ-ում միասին աշխատել ենք, ճիշտն ասած, երբևիցե բացասական քայլ իր կողմից չեմ տեսել, բացառությամբ, եթե չեմ սխալվում, նա երկու անգամ ուրիշի տեղն էր քվեարկվել, այլ բացասական կարկառուն երևույթ չեմ տեսել և հույս ունեմ, որ արդյունավետ գործունեությամբ հանդես կգա, կլինի այնպիսի մարզպետ, ինչպիսին Վայոց ձորի մարզպետն է, դրական իմաստով»,- ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանն հույս ունի, որ Վահե Հակոբյանն առաջին հերթին մարզում կփոխի առկա մթնոլորտը։ «Այսինքն, այն ստրկատիրական վիճակը, որ եղել է մարզում, հատկապես Գորիսում, այլևս նույնը չի լինի։ Կցանկանայի, որ ազատ, անկաշկանդ իրենց գործունեությամբ զբաղվեն և հույս ունեմ, որ ինքը կլինի այնպիսի մարզպետ, որը հնարավորություն կտա ընդդիմադիր կուսակցություններին ակտիվ գործունեություն ծավալել Սյունիքի մարզում։ Կաշկանդումներ, քաղաքական հետապնդումներ, գործից ազատումներ, նման քայլեր չի իրականացնի»,- ասաց նա։
«Ժառանգության» փոխնախագահը նաև նկատեց, որ մարզպետի հարցով իր որոշ պատկերցումները չեն համապատասխանում Վահե Հակոբյանին, այն է՝ պետական ներկայացուցչի և գործարարի փոխկապակցվածությունը։
«Նրանք երկրի խոշոր սեփականատերերից են՝ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերերը, մնացած առումներով դրական տպավորություն է թողել»,-ասաց նա։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար այս նշանակումը ավելի քան պարզ է։ «Շատ հստակ է, այստեղ պետք է նշանակվեր մի մարդ, որը կաներ այն գործառույթները, որն անում էր Սուրիկը Խաչատրյանը, այսինքն, արժանի հետևորդ՝ ըստ իրենց»,- ասաց նա և բացատրեց թե ինչ նկատի ունի։
«Տվյալ դեպքում, կարծես թե, կարողացել են գտնել. եթե Հակոբյան Մաքսիմի տղան է և այդքան ունեցվածք ունի, ուրեմն նա նաև լծակներ ունի, նաև ազդեցություն ունի մարդկանց վրա։ Նա բոլոր մեթոդներին ծանոթ է և կկարողանա ահաբեկման միջոցով ընտրությունների ընթացքը վերահսկել Սյունիքի մարզում։ Իրենց արժանի մարզպետ է»,-ասաց նա և ընդգծեց, որ չի կարծում, թե այս փոփոխությունը մարզում մթնոլորտ կարող է փոխել։
«Ես գտնում եմ, որ դա իրենց անհրաժեշտ է հակառակ դեպքում սյունիքից իրենք ձայն չեն ունենա։ Հակառակ դեպքում մի կիրթ ոչ կոռումպացված, բիզնեսի հետ կապ չունեցող մարդ կնշանակեին, եթե իրենց անհրաժետ չլիներ վախի մթնոլորտն այնտեղ պահպանել»,- ասաց ՀԱԿ պատգամավորը և հստակեցրեց,որ ինքն անձամբ նորանշանակ մարզպետի դեմ ոչինչ չունի։
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանն այս թեմայի շուրջ ասաց, որ պետական կառավարման գործող համակարգի ներսում, որտեղ վարչախումբը յուրացրել է ժողովրդի իշխանությունը և այդ համակարգը ծառայեցնում է որպես ազգային շահերի հաշվին «նորգաղութարար օտարների ու իր ներկայացուցիչների կլանային և անձնական շահերի սպասարկման գործիքի», անիմաստ է ակնկալել որևէ փոփոխություն:
Նա առանձնացրեց մարզում շարունակվող էկոլոգիական խնդիրները։ «Մասնավորապես' Սյունիքի բնությունը և սյունեցին նույն կերպ ենթարկվել են և այսօր էլ ենթարկվում են գիշատչական էկոգաղութացման: Բնությունը հոշոտվում է ու անդառնալի վնասներ կրում, իսկ մարդիկ ստրկական վիճակում են ապրում և աշխատում, ոտնահարված են նրանց բոլոր իրավունքները, նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, վտանգված է նրանց և նրանց սերնդի առողջությունն ու ապագան:Ի՞նչ է փոխվելու Սյունիքի ու սյունեցու, Հայաստանի ու հայի կյանքում կլանի որևէ ներկայացուցչին մեկ ուրիշով փոխարինելու հետևանքով: Խոշոր հաշվով' ոչինչ»,-նշեց նա։
Ժիրայր Սեֆիլյանն առաջարկեց հարցերին վերաբերել համակարգային մոտեցման տեսանկյունից։ «Հասկանալ, որ երկիրը գաղութացված է, իսկ ժողովուրդը կեղեքվում է ու արտագաղթում: Միայն այդպես մտածելու ու գործելու պարագայում է հնարավոր համախմբվել, պայքարել, հաղթել ու դուրս գալ այս իրավիճակից և կառուցել նորմալ, ազգային պետություն: Ահա այս պատճառով է, որ Նախախորհրդարանը պարզել է ազգային-ազատագրական պայքարի դրոշը և ձգտում է վերկուսակցական ու համազգային սկզբունքներով ներգրավել ամբողջ ժողովրդին»,- եզրափակեց նա: