Հայաստանում՝ԱԺ-ում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներն ու իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը սկսել է հակաքարոզչությունը: Մասնավորապես, ադրբեջանական apa.az գործակալությունը գրել է.

«Աուրելիայի ելույթից երկու օր հետո նրան սպառնում են Երևանում, և նա վախենում է լքել հյուրանոցը»: Այս մասին գործակալությանը հայտնել է Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանի ամուսին Դմիտրի Գրիգորիուն:

Նրա խոսքերով՝ ելույթից հետո անընդհատ համացանցով սպառնալիքներ են գալիս, գրում են բոլոր հնարավոր կոնտակտներով, սոցիալական ցանցերով, Մոլդովայի խորհրդարանկան փաստաբանի պաշտոնական կայքում:

Դմիտրի Գրիգորիուի խոսքով՝ այսօր երեկոյան նա պետք էր թռներ տուն Մոլդովա, սակայն նրան նստեցրել են ավտոմեքենա, որը պետք է պատվիրակությունը տեղափոխեր օդանավակայան, մնացածը մեկնել են, իսկ նա մնացել է: Երեկ երեկոյան տրվել է երաշխիք, որ նա կժամանի օդանավակայան, և կապահովվի նրա անվտանգությունը: Սակայն գիշերը ավտոմեքենան նրան չի վերցրել, նա մնացել է հյուրանոցում, չնայած որ հյուրանոցում մնալու ժամկետն ավարտվում է կես ժամից,-հայտնել է Դ. Գրիգորիուն:

Նշենք, որ հրապարակումից հետո մեր թղթակիցը բազմիցս փորձեց կապ հաստատել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին։