«Նաիրիտը» ոչ մի դեպքում չպետք է փակվի. եթե ռուսական կողմի հետ համաձայնության չեն գալիս, ուրեմն պետք է ուշադրությունը սևեռել չինացիներ վրա, Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ այս դաշտում՝ քիմիայում արդեն իսկ առկա է ձեռք բերված համագործակցություն, որն էլ պետք է օգտագործվի և զարգացվի:
«Շանսի պրովինցիայում արդեն իսկ «Նաիրիտի» մի հոսքագիծը դարձել է գործարար հիմք և այնտեղ կաուչուկ են արտադրում: Իմ ինֆորմացիայով՝ Չինաստանն ունի տարեկան 50 000 տոննայի արտադրություն, բայց այս երկիրը կարիք ունի 100 հազար տոննայի իրացման: Մենք պետք է համագործակցությունը խորացնենք այն աստիճանի, որ նրանք ներդրումներ անեն «Նաիրիտ» գործարանում և դրա դիմաց ստանան տարեկան 17-18 000 տոննա լրացուցիչ քլորոպլենային կաուչուկ՝ իրենց պահանջների համար»,- ասաց տնտեսագետը:
Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ սա կնպաստի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, որպես այդ կաուչուկի տեղափոխման ճանապարհ:
Նշենք, որ «168 Ժամը», հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, նշել էր, որ «Նաիրիտի» հետ կապված այս ճակատագրական ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը և ռուսական «Ռոսնեֆտը» պետք է որոշում ընդունեն գործարանի ապագայի հետ կապված, երբ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում շարունակվում է Միջպետական բանկի «Նաիրիտի» դեմ հայցի քննությունը, հիմք է տալիս ենթադրելու, որ «Նաիրիտում» այլևս անելիք չկա. ռուսական կողմը չի պատրաստվում մտնել «Նաիրիտի» պարտքային բեռի տակ, ՀՀ կառավարությունն այլ գնորդներ չունի, իսկ հոկտեմբերին Մոսկվայի Արբիտրաժային դատարանն այն, ամենայն հավանականությամբ, սնանկ կհայտարարի ու կվաճառի որպես մետաղի ջարդոն»:
Վազգեն Սաֆարյանը նշեց, որ 1999 թվականից զբաղվել է «Նաիրիտի» խնդիրներով, և տարիներ առաջ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն աշխատացնում էր 22 ռեզինատեխնիկական ձեռնարկություններ՝ «Նաիրիտի» արտադրած կաչուկի հիմքով:
«Ամսական դա կազմում էր 500 տոննա, տարեկան' 6000 տոննա: Երկու տարի այս սխեմայով աշխատել են»,- նկատեց Վազգեն Սաֆարյանը և հիշեցրեց, որ գործարանի՝ մի քանի անգամ վաճառվելուց հետո այդ պայմանավորվածություններն ի չիք դարձան:
Հիշեցնենք, որ 2007-ից «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը:
Դրանից առաջ այն կրկին պատկանում էր ռուսական ընկերություններին, իսկ վերջերս՝ այս տարվա մայիսին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հաստատեցին ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ «Ռոսնեֆտի» կազմի մեջ մտնող «Իտերա» ընկերությունը կառավարության հետ բանակցություններ է վարում «Նաիրիտում» մասնակցություն ունենալու վերաբերյալ:
Բանակցությունների մեկնարկի և ավարտի ժամկետների, հնարավոր ներդրումների ծավալների մասին մանրամասներ չեն հայտնվում, իսկ «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը Tert. am–ի հետ զրույցում հայտնել էր, որ ռուսական ընկերությունը ՀՀ կառավարությունը ներկայացրել էր վերակառուցման և զարգացման 500 էջանոց ծրագիր, որը ենթադրում է մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:
Վազգեն Սաֆարյանն այն կարծիքին չէ, որ գործարանի խնդիրը կաուչուկի չպահանջարկված լինելն է, քանի որ ասաց, որ 350 000 տոննա կաուչուկի պահանջարկ կա և որ ճիշտ մենեջմենտի դեպքում Հայաստանը կարող էր շուկա մտնել 20 000 տոննայով: Վազգեն Սաֆարյանը ոչ այն կարծիքին է, որ գործարանը հոգեվարքի մեջ է, ոչ էլ, որ այն թալանվել է: Նրա ձևակերպմամբ՝ խնդիրը ճիշտ մենեջմենտ կիրառելու մեջ է:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ևս համամիտ է, որ կաուչուկի չպահնաջարկված լինելը «կաղացող» հիմնավորում է, և բուն պատճառը վատ մենեջմենթն է ու կոռուպցիան:
«Փաստը մնում է փաստ, որ «Նաիրիտը» այսօր փակ է, ունի մոտ 400 միլիոն պարտք, այն դեպքում, երբ ունի մեծ պահնաջարկ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ինքն այն կարծիքին չէ, որ ռուսները կամ բրիտանացիները չեն կարողանում կիրառել այդ ճիշտ մենեջմենտը։ Նա նաև նշեց, որ Rhinoville Property Limited-ը ևս օֆշորային գոտում է գրանցված և ավելացրեց.«Դեռ պարզ չէ՝ ովքեր են սեփականատերերը»։
Վահագն Խաչատրյանի տեղեկություններով՝ բանակցությունները ռուսական կողմի հետ դադարեցված են, և ռուսական կողմը պայման է դրել, որ պարտքերը զրոյացվելուց հետո միայն «Իտերան» կստանձնի գործարանի շահագործումը: