Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վարույթ է ընդունել նորածնի հերթական սպանության գործը: Նորածնի սպանության մեջ մեղադրվում է, ինչպես մի շարք հայտնի դեպքերում, իրեն լույս աշխարհ բերած սեփական մայրը՝ Երևանի 30-ամյա բնակիչ Վերան: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի, 2012թ. ապրիլին ոմն Սերժիկի հետ ունեցած սեռական հարաբերության արդյունքում հղիանալուց հետո, հաջորդ 9 ամիսների ընթացքում ընտանիքի անդամներից թաքցրել է իր հղիության փաստը, 2013թ. հունվարի 7-ին' ժամը 07.00-ի սահմաններում, իրենց բնակարանի ննջասենյակում, առանց որևէ մեկի միջամտության՝ ծննդաբերել է իգական սեռի երեխա: Երբ այդ պահին բնակարանում գտնվող հայրը որոշակի կասկածների դրդմամբ զանգահարել է ավագ եղբորը՝ Պավելին և դուրս եկել բնակարանից, գտնվելով հոգեկան լարվածության վիճակում, երեխայի գոյության փաստը թաքցնելու նպատակով, նորածնին դուրս է բերել բնակարանից և դնելով աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ, մի քանի անգամ փակիչը փակելու փորձի ժամանակ գլխուղեղային փակ, բութ վնասվածքներով սպանել է նրան: Դրանից հետո նորածին երեխայի դին տեղափոխել է իրենց բնակարան ու պահել բազմոցի մեջ: Վերային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: