Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերզյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդանյանն ու Վարուժան Ենգիբարյանը։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Տարոն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Վաչագան Ա.-ն էր, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։
Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։