Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 00:40-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ»  թաղամասի (4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի երկհարկանի տան առաջին հարկում գտնվող  խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի  արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ:

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր:

Նշված վայրից ոստիկանները բերման ենթարկել  նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է  սպանություն կատարելու մեջ:  Նրա հագուստի և դեմքին  վրա կային արնանման հետքեր:

Խոհանոցում քննչական խումբը հայտնաբերել է արյունոտված մի քանի դանակներ, փոքր «չափաջաղ»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: