Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն' Ս.Օհանյանը, ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական ավտոմեքենան, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջները:

Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 2013թ. մայիսի 14-ին Երևանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան վարել է այնպիսի արագությամբ, որ շրջադարձ կատարելիս չի կարողացել ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարումը' ստեղծելով վթարային իրադրություն: Արդյունքում' ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռ.Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Մ.Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ տեսուչ–հերթապահ Ռ.Աբրահամյանը մահացել է: Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ.Քիշմիրյանն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net